Երկխոսությունը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու լավագույն միջոցն է, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Թբիլիսիում տեղի ունեցած Միրզոյան-Բայրամով հանդիպմանը, որը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ առանց միջնորդների առաջին հանդիպումն էր: Հանդիպման արդյունքի վերաբերյալ գնահատականի հիմք չկա, կամ ավելի շուտ՝ եղածը հիմք է տալիս եզրակացնել, որ սկզբունքային որևէ արդյունք հանդիպումը չի արձանագրել:
Մյուս կողմից, եթե խոսքն առաջին հանդիպման մասին է, ապա ինքնին այդ փաստն արդեն իսկ որոշակի արդյունք է: Պայմանական իմաստով, դա թերևս հնարավոր է դիտարկել բրյուսելյան ձևաչափի արդյունք, որը վայելում է նաև Միացյալ Նահանգների աջակցությունը և Նեդ Փրայսը նաև բաց տեքստով ասել է, որ Նահանգները խրախուսում է այդ գործընթացը և երկկողմ հանդիպումները: Միևնույն ժամանակ, երկխոսությունը, որի մասին խոսում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը, չի կարող ինքնին լինել համաձայնությունների միջոց, եթե չկա պատկերացում, թե ինչպես պետք է շարժվել առաջ և մերձեցնել դիրքորոշումները: Իսկ դրանք ներկայումս էապես տարբեր են, ընդ որում դրա համար առաջնային պատասխանատուն Ադրբեջանն է, որը պատերազմից հետո չի ցուցաբերում որևէ փոխզիջման պատրաստակամություն և փորձում է թելադրել իր պայմանները բացարձակ իմաստով: Ունի՞ օրինակ Միացյալ Նահանգները Բաքվի այդ բացարձակությունը հաղթահարելու պատկերացում, մեթոդաբանական կամ մոդելային «տեսլական», և ո՞րն է այն: Օրինակ, Բաքուն հայտարարում է, թե կարգավիճակի մասին խոսակցությունները նյարդայնացնում են իրեն: Իսկ կարգավիճակի մասին խոսում է նաև Վաշինգտոնը:
Եթե Վաշինգտոնը խոսում է այդ մասին, ապա պետք է թերևս ունենա նաև իր իսկ հռետորաբանության մաս կազմող այդ նուրբ ու զգայուն, միաժամանակ բարդ հարցի վերաբերյալ մոտեցման պատկերացում, քայլերի հաջորդականության ուրվագիծ: Թե՞ Նահանգներն էլ գործնականում դավանում է նույն մոտեցումը, ինչ Ռուսաստանը՝ հիմա կարգավիճակի ժամանակը չէ, միևնույն է չկա Բաքվին դրան բերելու հնարավորություն, նույնիսկ Ադրբեջանի կազմում կարգավիճակի բերելու հնարավորություն, հետևաբար չարժե նաև մտածել, թե ինչպես հասնել դրան: Այդ դեպքում ստացվում է, որ կարգավիճակի մասին խոսակցությունը ընդամենը Բաքվի, իսկ գուցե նաև Ռուսաստանի հանդեպ ճնշման միջոց է, որի ռեգիոնալ էֆեկտը սակայն բավականին հարաբերական է, առավել ևս Հայաստանի վրա եղած ազդեցությամբ: Հետևաբար, «երկխոսության» բանաձևի արդյունավետությունը հայտնվում է նվազագույնը հարաբերականության դաշտում: Որովհետև, ռեգիոնալ կայունությունն իհարկե կախված է երկխոսությունից, բայց, եթե այն նաև ռուս-ամերիկյան դաշտում է, օրինակ, այլ ոչ միայն լոկ հայ-ադրբեջանական: Եվ ավելին, ռեգիոնալ կայունության հարցում առավել մեծ նշանակություն ունի ռուս-ամերիկյան երկխոսության հանգամանքը, քան հայ-ադրբեջանական, որովհետև դրանք են եղանակ ստեղծող կենտրոնները թե միջազգային, թե բնականաբար ռեգիոնալ մասշտաբով:
Ոչ միակը իհարկե, սակայն զգալիորեն հիմնական դերակատարները, որոնց վարքի շուրջ են կառուցվում մյուս խաղացողների քայլերը: Պատկերն իհարկե բավականին բարդ է, ամենևին ոչ միարժեք և միատարր, սակայն այստեղ է գլխավոր հարցը: Եթե չկա ռուս-ամերիկյան երկխոսության հեռանկար, ապա ռեգիոնալ կայունությունը կախված է Ռուսաստանին դուրս թողնելու հանգամանքից, իսկ Ռուսաստանին դուրս թողնելու հանգամանքի առանցքային ծավալումն ինքնին դառնում է ռեգիոնալ կայունության ռիսկ և մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանին դուրս թողնել հնարավոր կլինի միայն նոր անկայունությամբ: Իսկ այստեղ արդեն իրադրությունը դառնում է էլ ավելի խրթին, որովհետև Կովկասում առկա է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ոչ պակաս կարևոր, իսկ այսօր գուցե առավել արդիական՝ Իրանի խնդիրը: Ըստ այդմ, կովկասյան ռեգիոնի կայունության հիմքը անկասկած երկխոսությունն է, բայց ՌԴ և ԱՄՆ միջև, որն իր ազդեցությունը կունենա կովկասյան հարակից վեկտորներով: Ընդ որում, այդ երկխոսության հարցում Կովկասում կա նվազագույնը երկու շահագրգիռ սուբյեկտ՝ Հայաստանն ու Վրաստանը, որոնք էապես նեղ արահետի, լարի վրա են հայտնվել ամերիկա-ռուսական կոշտ դիմակայության հետևանքով, որից հատկապես հմուտ փորձում են օգտվել Թուրքիան և այդ հարցերում որոշակիորեն նրա ուղեծրում խաղացող Ադրբեջանը:









































