Այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա Իրանում։
«Մենք ողջունում ենք Իրանի կառուցողական դիրքորոշումը տարածաշրջանային, այդ թվում «3+3» ձևաչափով համագործակցությանը մասնակցության առումով։ Մոտ ապագայում Իրանը կընդունի այդ ձևաչափով հանդիպումը»,-ասել է նա Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Բայրամովը նաև ասել է, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։
«Մենք հայտարարել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և միջազգային հաղորդակցությունը վերականգնելու մեր պատրաստակամության մասին»,-ասել է նա։
Ադրբեջանի արտգործնախարարը նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են Ադրբեջանում մեքենաների և տրակտորների համատեղ արտադրութուն հիմնել։
Անդրադառնալով Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության նախագծին՝ Բայրամովն ասել է, որ մոտ ապագայում կսկսվի առաջին կամրջի կառուցումն այդ տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, ՌԴ-ն և Իրանը։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցելու ձևաչափի հանդիպումներին և ներկա չի եղել առաջին հանդիպմանը, որը կայացել է 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում։
Իրանահայ քաղաքական մեկնաբան, Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախքան Ադրբեջանի արտգործնախարի հայտարարութունը, նմանաբովանդակ հայտարարությամբ էր հանդես եկել նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանը․ «Ըստ նրա՝ հանդիպումը կարող է անցկացվել Թեհրանում կամ Իրանի որևէ այլ քաղաքում։ Իհարկե Իրանը շահագրգռված է, որ տարածաշրջանային հարաբերությունները լինեն խաղաղ հիմքի վրա։ Աբդոլլահիանը նաև կարևորեց միջազգայնորեն ճանաչված սահմանների կարևորությունը, շեշտեց, որ Իրանը հակված է խաղաղ ու դիվանագիտական ճանապարհով հարցերի կարգավորմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Ես այս հանգամանքը շատ էական եմ համարում»։
Ինչ վերաբերում է «3+3» ձևաչաին, ապա ըստ մեր զրուցակցի, Իրանը շահագրգռված է, որ այն կայանա․ «Դեռ Թուրքիա կատարած այցի ժամանակ Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանը այդ հարցի շուրջ խոսել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի, ապա նաև Իրանում՝ Բայրամովի հետ։Իրանը հետաքրքրված ու շահագրգռված է, որ 3+3-ը կայանա»։
Միևնույն ժամանակ Մովսես Քեշիշյանը համարում է, որ այս պահին Իրանի համար աշխարհաքաղաքական, տարածաշրջանային առումով կարևոր է, որ Հայաստանը ներկայացված լինի ու այս կոնտեքստում ամրապնդված լինի Հայաստան-Իրան սահմանի անվտանգ գոյությունը․ «Իրանն ամեն ինչ անելու է, որ այդ սահմանն անվտանգ լինի ու դա համարում է իր համար անվտանգության գոտի։ Այդ անվտանգության գոտին պահպանելու համար Իրանը ձգտում է և՛ տնտեսական և՛ քաղաքական հարաբերությունների սահմաններում իր աշխատանքը տանել։ Իրանը գտնում է, որ Իրան-Հայաստան սահմանի մեջ որևէ խախտում չպետք է լինի և դա պետք է պահպանվի։ Դա կարծում եմ նաև պատասխան է Ադրբեջանից անընդհատ հնչող միջանցքի մասին հայտարարություններին։ Իրանի արտգործնախարարի շեշտադրումները խոսում են այն մասին, որ Հայաստանի անվտանգությունը կարևոր է նաև Իրանի համար։ Կարծում եմ, որ Հայաստանի համար այդ մոտեցումները շահավետ են։ Իրանը կարող է դառնալ և՛ վստահելի բարեկամ և՛ գործընկեր, որը կձգտի և՛ տնտեսական հարաբերությունների զարգացմանը և ինչու ոչ նաև անվտանգության շուրջ համագործակցությանը»։
Մեր այն դիտարկմանը, որ մեծ հաշվով «3+3»-ը Թուրքիայի ու Ռուսաստանի առաջ քաշած ձևաչափն են և հարցին, թե մենք ինչքանո՞վ կարող ենք դրանից օգուտ ունենալ, Քեշիշյանն արձագանքեց․ «Եթե չեմ սխալվում առաջին անգամ այս հարցը բարձրացրել է իրանական կողմը։ Թեպետ պետք է նշենք, որ թուրքական ու ռուսական կողմերը մեծ ձգտումներ ունեն, որ այդ ձևաչափը կայանա։ Բայց չմոռանանք, որ թուրքերը ևս հասկանում են, որ չեն կարող առաջ շարժվել ամեն ինչ դեպի իրենց ձգտելու հոգեբանությամբ։ Չեն կարող ամեն ինչ կլանել՝ նկատի ունենալով փաստը, որ Իրանը որպես մեծ ու ազդեցիկ տարածաշրջանային երկիր դա թույլ չի տա։Ռուսներն էլ իհարկե իրենց հատուկ քաղաքականությունն են առաջ տանում՝ նկատի ունենալով Ուկրաինայում այսօր ընթացող հարցերը։Բայց այնուամենայնիվ Իրանի ներկայությունն այստեղ Հայաստանի համար կարող է օգտակար լինել։ Եթե իրանը բացակա լիներ, ես կասեի, որ Հայաստանի համար լավ բան չենք կարող սպասել։ Բայց Իրանի ներկայությունը որոշ չափով հավասարակշռում ու ընթացքը փոփոխում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը։









































