Ջիմ Քերրին իր վիդեոբլոգում տեղադրել է հաղորդագրություն՝ ուղղված Էմմա Սթոունին, որտեղ պատմել է ամերիկյան դերասանուհու հանդեպ իր նուրբ զգացմունքների մասին:
Դերասանն ասել է, որ Էմմա Սթոունին համարում է գեղեցիկ, խելացի և բարի: «Եթե ես ավելի փոքր լինեի, կամուսնանայի քեզ հետ, և մենք կունենայինք չաղլիկ պեպենոտ երեխաներ»,- ասել է դերասանը: Այնուհետև նա ափսոսանքով ավելացրել է, որ դա հնարավոր չէ: Իր տեսահաղորդագրության մեջ նա դերասանուհուն մաղթել է ստեղծագործական հաջողություններ և սեր:
Այն մասին, թե ինչպես է Էմմա Սթոունը արձագանքել հաղորդագրությանը, դեռ ոչինչ չի ասվում:
Ինչպես գրում է lenta.ru-ն՝ Ջիմ Քերրին Էմմա Սթոունից մեծ է 27 տարով: Անցած տարի նա բաժանվել է դերասանուհի և Playboy-ի մոդել Ջեննի Մակկարտիից: Ներկայումս Ջիմ Քերրիի անձնական կյանքից ոչինչ հայտնի չէ: Դերասանի վերջին ֆիլմը եղել է «Պարոն Պոպպերի պինգվինները», որի պրեմիերան կայացել է 2011 թվականի հունիսի 16-ին:
Ամերիկյան դերասանուհի Էմմա Սթոունը 22 տարեկան է: Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Թեթև պահվածքով գերազանցիկը», «Բարի գալուստ, Զոմբիլենդ», «Նախկին ընկերուհիների ուրվականները» և այլն: Օգոստոսի 10-ին կայացել է «Աղախին» դրամայի պրեմիերան, որտեղ Էմման խաղում է գլխավոր դերերից մեկը: Ներկայումս դերասանուհին մասնակցում է «Նոր սարդ-մարդը» ֆիլմի նկարահանումներին, որի պրեմիերան կկայանա 2012 թվականին:








































