Քաղաքագետ Սուրեն Զոլյանը, անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե Ֆրանսիան, ԱՄՆ-ն կճանաչեն ԼՂ անկախությունը, եթե պատերազմական գործողությունները վերսկսվեն, կարծիք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացը պետք է սկսվի Հայաստանից։ «Իսկ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար պետք է նախ դուրս գա բանակցություններից»,- ասում է Զոլյանը՝ համարելով, որ դա անելու համար բոլոր հիմքերը կան, քանի որ Ադրբեջանը շարունակում է կոշտ հռետորաբանությամբ հանդես գալ և օրակարգ է մտցրել ազատագրված տարածքներից հայկական զորքերի դուրս գալու հարցը, ինչը մեզ համար անընդունելի է։
Սուրեն Զոլյանի գնահատմամբ՝ Կազանի հանդիպումից հետո բանակցային փուլը սառեցված է, սակայն ստատուս-քվոն մեր, ինչպես նաև միջազգային հանրության համար, ձեռնտու է. «Գերտերությունների համար կարևոր չէ սահմանը որտեղով կանցնի, կարևորը նրանց համար Հարավային Կովկասում կայունությունն է»։
Սուրեն Զոլյանին մտահոգիչ է թվում Արցախի դեմոգրաֆիական կազմը։ Նրա խոսքով՝ Հայաստանի ռազմավարական ծրագրում պետք է առաջնային լինի ոչ միայն պաշտպանության գծի հարցը, այլև բնակչության հարցը։









































