«Այսօր՝ 20 տարի անց, Անկախության հռչակագրի պատմական դերը, քաղաքական կարևորությունը ավելի ակնհայտ է դառնում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում գնահատելով 1990 թ. ընդունված Անկախության հռչակագիրը՝ հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը և հավելեց.
«Առաջինը պետք է փաստենք, որ այդ փաստաթուղթը ժողովրդական քաղաքական ստեղծագործության արդյունք էր, այսինքն՝ նրա հիմքում ընկած էին այն ձգտումները, ցանկությունները, երազանքները, որ մի շարք սերունդներ իրենց մեջ կրել էին։ Եվ ահա հետխորհրդային շրջանում ստանալով առաջին այդպիսի փաստաթուղթ ընտրելու հնարավորությունը՝ այն ամենը, ինչ կար մեզանում կուտակված, իր արտացոլումը գտավ անկախության հռչակագրում»։
Նրա խոսքով՝ Անկախության հռչակագիրը դարձավ հիմնական ուղենիշ, որը երկար ժամանակ սահմանադրության բացակայության պարագայում ըստ էության իր քաղաքական էությամբ ու բովանդակությամբ լիարժեք փոխարինում էր սահմանադրությանը, և պատահական չէ, որ մեր սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրից։
«Ըստ էության Անկախության հռչակագիրը պատմական փաստաթուղթ է, որովհետև ուրվագծեց Հայաստանի ապագան երկարաժամկետ հատվածի համար։ Շոշափելի ապագայում ակնհայտորեն մեր պատմական, քաղաքական, նաև պետականաշինության բոլոր նախաձեռնությունները որպես սկզբնաղբյուր կունենան Անկախության հռչակագիրը։ Ես՝ որպես այդ հռչակագրի ընդունման մասնակից, նրա ընդունման կապակցությամբ նախ ողջունում եմ հեղինակներին, որ բոլորս ենք՝ ողջ ժողովուրդը, այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը, և կարող եմ ասել, որ Հռչակագիրը պատմական ուղենիշ է, փարոս։ Անկախության հռչակագիրը միայն բացառիկ կարևոր դերակատարություն է ունեցել մեր պետականության ամբողջ ընթացքում, նույնիսկ սահմանադրության հիմնական դրույթները բխում են նրանից։ Այն լրջագույն ձեռքբերում է և՛ պատմական, և՛ գիտական առումով»։
Հիշեցնենք, որ 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով Հայաստանի անկախացման գործընթացի սկիզբը դրվեց։









































