Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի կնքման շուրջ ՀՀ և Ադրբեջանի բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չի տեսնում․«Իմ կարծիքով, Ադրբեջանի և ՀՀ բանակցություններում 3-րդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չպետք է լինի»,-ասել է նա Անթալիայում դիվանագիտական համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։
Չավուշօղլուն նաև նշել է․«Պատերազմ է եղել, օկուպացիա է եղել, բայց ամեն ինչ ավարտվել է։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և միասին քննարկեն»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանն առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը` Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
Մարտի 12-ին թուրքական Անթալիայում տեղի է ունեցել ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը՝ բանակցելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակում։ Չավուշօղլուն «շատ կառուցողական և արդյունավետ» է անվանել Միրզոյանի հետ հանդիպումը։
Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով՝ Թուրքիայի արտգործնախարարի ակնարկը երրորդ երկրի մասին ուղղված է Մոսկվային։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Տարասովն ասաց․«Հարցն այն է, որ նախկինում Երևանը պնդում էր, որ Մոսկվան իր մասնակցությունն ունենա երկկողմ հարաբերությունների հաստատման հարցում, այսինքն՝ Մոսկվայի մասնակցությունը պլանավորվում էր։ Ստացվում էր 2+2 ձևաչափ, Երևան-Մոսկվա, Անկարա-Բաքու։ Հիմա Անկարան քայլեր է անում Մոսկվային գործընթացից դուրս թողնելու համար և կոմբինացիան միայն Հայաստանի հետ խաղարկելու համար։ Իրենք փորձելու են Հայաստանին պոկել Ռուսաստանից արևմտյան ուղղությամբ, բայց իրենց միջոցով»։
Իսկ արդյոք Մոսկվան կցանկանա գործընթացից դուրս մնալ, հարցին ի պատասխան Ստանիսլավ Տարասովը պատասխանեց․«Մոսկվան այժմ Ուկրիանայում գլոբալ հարցերով է զբաղված։ Եթե Ուկրաինայում ճգնաժամն ավարտվի այնպես ինչպես պլանավորվում է, ապա այդ դեպքում Ալիևի և Էրդողանի մանյովրները կչեզոքացվեն, որովհետև Մոսկվան ավելի կտրուկ կսկսի գործել հետխորհրդային տարածքում։ Նաև՝ արտաքին խաղացողներին, այնպիսիք, ինչպիսիք են Եվրոպան, Թուրքիան ու Միացյալ Նահանգներ են, կզրկի հետխորհրդային տարածքում՝ ներառյալ Հարավային Կովկասում ակտիվ քաղաքականություն վարելու հնարավորությունից։ Հիմա մենք այլ հարցեր ենք լուծում։ Իհարկե հետևում ենք Թուրքիայի ու Ադրբեջանի արածներին, բայց մեծ հաշվով այդ ամենը մեզ հիմա այնքան էլ չի անհանգստացնում, որովհետև դեռ երկար ժամանակ է հարկավոր իրավիճակի հանգուցալուծման համար»։
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ Հայաստանը հիմա աշխարհաքաղաքական բոլորովին այլ իրավիճակում է հայտնվել․«Մինչև երկրորդ ղարաբաղյան պատերազմը Հայաստանը աշխարհաքաղաքական բոլորովին այլ՝ հաղթող իրավիճակում էր, իսկ հիմա այլ։ Բայց ցավոք Հայաստանը չկարողացավ օգտագործել Ռուսաստանի ռեսուրսները հօգուտ իրեն, չկարողացավ նաև արևմուտքի ռեսուրսներից օգտվել։ Փաշինյանը եկավ իշխանության էր և թվում էր, թե ժողովրդավար վարչապետին Եվրոպան պետք է աջակցի, բայց այդպիսի բան տեղի չունեցավ։ Մեծ հաշվով Փաշինյանը փչացրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները ու մնաց միայնակ։ Հիմա այն, ինչ անում է Երևանը, ինչ հայտարարություններ է անում՝ ոչ ոքի մեծ հաշվով չի հուզում։ Հիմա Երևանը դադարեցրել է լինել ինքնուրույն սուբյեկտ ու պետք է որևէ մեկին ապավինի։ Եթե այս հարցերում ապավինի Թուրքիային՝ դա մի կոմբինացիա է, եթե Ռուսաստանին՝ արդեն այլ հարց է։ Այստեղ Դոնեցկի նոր հանրապետության հետ մեկտեղ լինելը Հայաստանին կդնի բոլորովին նոր իրավիճակի առաջ։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն էլ այլ կդառնան, որովհետև Մոսկվան իրավիճակին այլ կերպ է նայելու»։
Ըստ Տարասովի՝ Հայաստանն ակտիվ գործելու փոխարեն, շարունակում է մնալ պարտվածի հոգեբանության մեջ․«Հիմա էլ այդ պարտվածի հոգեբանությամբ հայտարարություններ է անում, ուրիշ ոչ մի բան»։









































