Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները «մոտենում են» Իրանի հետ միջուկային համաձայնագրին, հայտնել է Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Փսակին՝ շեշտելով, որ «կարևոր բաղադրիչները» դեռևս պետք է որոշվեն: Փսակին ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մասնակցել բանակցություններին Ռուսաստանի կողքին՝ չնայած ուկրաինական ճգնաժամի պատճառով ստեղծված կացությանը․«Ռուսաստանը P5 գումարած մեկ խմբի անդամ է։ Չեմ կարծում, որ որևէ մեկը կարծում է, որ Իրանի համար միջուկային զենք ձեռք բերելը բխում է իր շահերից, և մենք հենց այդպես ենք մոտենում այս բանակցություններին և քննարկումներին»,- ասել է Փսակին:
Համաշխարհային տերությունների հետ Իրանի 2015 թվականի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները անորոշության մեջ էին հայտնվել շաբաթ օրը, երբ Ռուսաստանի պահանջել էր ԱՄՆ-ի կողմից երաշխիքներ, որ ուկրաինական հակամարտության պատճառով Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն վնասի Թեհրանի հետ առևտրին:
Վիեննայում Թեհրանի և Վաշինգտոնի միջև ամիսներ շարունակվող անուղղակի բանակցությունները կարծես թե մոտենում էին համաձայնության, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց, որ Ուկրաինայի շուրջ արևմտյան պատժամիջոցները խոչընդոտ են դարձել միջուկային համաձայնության համար:
Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի պահանջները «կառուցողական չեն»։
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանը գտնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը միանշանակ իր ազդեցությունը կունենա Իրանի հետ ընթացող բանակցությունների վրա․«Նշվում էր, որ բանակցությունները վերջնական փուլին են հասել և իբրև թե համաձայնագիրն արդեն պետք է ստորագրվեր, բայց ինչպես գիտեք՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ից գրավոր երաշխիք էր պահանջել, որ ռուս-իրանական փոխհարաբերությունները կլինեն բնականոն հունի վրա բոլոր տնտեսական բնագավառներում և Ռուսաստանի դեմ կիրառվող սահմանափակումները չեն խանգարի ռուս-իրանական փոխհարաբերություններին։ Բնականաբար Լավրովին բացասական պատասխան են տվել։ Կարող եմ նշել, որ այս փուլում համաձայնագրի շուրջ անորոշություն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բեգիջանյանի դիտարկմամբ՝ առայժմ չենք կարող ասել, որ մոտ ապագայում հարցի շուրջ հնարավոր կլինի վերջնական համաձայնության գալ․«Մի շարք անորոշ հարցեր են մնում և միանշանակ չենք կարող ասել, որ ամեն ինչ մոտ է ավարտին։ Ես միշտ եմ ասել, որ ռուս-ուկրաինական պատերազմն իր ազդեցությունը կունենա այս բանակցությունների վրա, այլ կերպ լինել չէր կարող։ Հիմա Ռուսաստանը կոնկրետ պահանջ է ներկայացրել՝ գրավոր երաշխիքներ, որ Իրանի դեմ սահմանափակումները վերացվելուց հետո ռուս-իրանական տնտեսական բոլոր փոխհարաբերությունների վրա չեն ազդելու Ռուսաստանի դեմ կիրառված սահմանափակումները։ Բայց այդ երաշխիքները չեղան, ուստի չենք կարող միանշանակ խոսել ավարտի մասին»:
Ընդգծենք, որ Միջուկային գործարքի շուրջ բանակցությունները կարող են ավարտվել Իրանի դեմ պատժամիջոցների վերացմամբ և Վաշինգտոնի ու Թեհրանի մերձեցմամբ։ Ռուսաստանի դեմ ներկայում մտցված պատժամիջոցները չեն ներառում նավթի ու գազի էմբարգոն, ինչը կործանարար կլիներ Ռուսաստանի համար։ ԱՄՆ-ն ներկայումս ուղիներ է փնտրում վերացնելու Եվրոպայի կախվածությունը ռուսական էներգակիրներից, իսկ իրանական նավթը և գազը բավարար են այդ կախվածությունը վերացնելու համար։ Գործարքի հաջողության դեպքում Ռուսաստանի դեմ կարող է մտցվել էմբարգո։








































