«Եթե Ռուսաստանը դադարեցնի «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարումը, կդառնա անվստահելի գործընկեր», – ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։ Այդ հնարավորության մասին նախօրեին հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Գերմանիան չի սպասում, որ Ռուսաստանը կդադարեցնի բնական գազի մատակարարումները «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով (SP-1): Չեմ կարծում, որ դա տեղի կունենա, քանի որ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ինքը կդառնա անվստահելի մատակարար, եթե գնա այդ քայլին», – «RTL» tv-ի եթերում ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը: «Հակառակ դեպքում Եվրոպան չի վերադառնա ռուսական գազին, նույնիսկ ուկրաինական պատերազմի ավարտից հետո», – նշել է նա։
Ուկրաինա ռազմական ներխուժման պատճառով Մոսկվայի վրա աճող ճնշման պայմաններում Ռուսաստանի իշխանությունները սպառնացել են դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա՝ «Հյուսիսային հոսք 1»-ով։
«Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի և «Հյուսիսային հոսք 2»-ի արգելքի առնչությամբ Ռուսաստանի հասցեին հնչող անհիմն մեղադրանքների հետ կապված՝ մենք լիովին իրավունք ունենք «հայելային» որոշում ընդունել և էմբարգո սահմանել «Հյուսիսային հոսք 1» գազատարով գազի մատակարարման վրա», – ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։