Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը դարձել է օտար պետության առաջին ղեկավար անձը, ով Սոմալի է այցելել վերջին 20 տարում՝ այնտեղ տիրող ներքին դիմակայության ժամանակ։ Սոմալիում Էրդողանն այցելել է Մոգադիշոյում գտնվող փախստականների ճամբարներ և թուրքական Կարմիր մահիկի ճամբարներ։
Էրդողանն արևմտյան երկրներին կոչ է արել օգնել Սոմալիին. «Ժամանակն է, որ դարերի ընթացքում աֆրիկյան երկրները շահագործած Արևմուտքն այժմ վերադարձնի իր պարտքը։ Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մասին հայտարարությունները պետք է ամրագրվեն գործով, որպեսզի ապացուցվի, որ արևմտյան արժեքները պարզապես դատարկ հռետորություն չեն։ Մարդկությանն անհրաժեշտ է հաջողությամբ հանձնել այս թեստը։
Այստեղից ցանկանում եմ դիմել նաև իմ երկրին, որտեղ խուսակցություններ են շրջանառվում, թե մենք ինչ գործ ունենք Սոմալիում, երբ Թուրքիայում նույնպես առկա է սով ու դժբախտություն։ Ես այդպես կարծող բոլոր անձանց խորհուրդ եմ տալիս գալ այստեղ և ամեն ինչ տեսնել սեփական աչքերով»։
Հիշեցնենք, որ Էրդողանը Սոմալիում հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է այդ երկրում դեսպանություն հիմել։







































