Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի կարծիքով՝ Թուրքիայում ստեղծված ներքաղաքական լարվածությունը հետընտրական սրացումների արդյունք է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն առանձնացրեց այդ լարվածության երեք պատճառներ: Նրա գնահատմամբ՝ ներքաղաքական սրացումներից մեկը Թուրքիայում կապված է իշխանության և ընդդիմադիր կուսակցությունների միջև ծագած խնդիրների հետ: Դրանցից էր, մասնավորապես, «Ժողովրդա-հանրապետական» ու «Խաղաղություն և ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցությունների կողմից խորհրդարանի աշխատանքների բոյկոտը:
Մյուս սրացումն, ըստ թուրքագետի, կապված է քաղաքացիական և զինվորական իշխանությունների միջև առկա լարվածության հետ: Վերջապես ամենախոցելի սրացումը քրդական հարցն է, որը թուրքական իշխանություններին սկսել էր անհանգստացնել դեռևս ընտրություններից առաջ:
Անդրադառնալով վարչապետ էրդողանի հայտարարությանը, թե դանակը հասել է ոսկորին, և Ռամադանից հետո քրդական հարցում իրենք կանցնեն կտրուկ գործողությունների, Հովհաննիսյանը նշեց, որ դա պարզապես կեղծ հայտարարություն է, քանզի Ռամադանի ընթացքում էլ իրենք ճնշում են քրդական միավորումներին:
Նա մասնավորապես պատմեց, որ վերջերս, լինելով Թուրքիայում, տեսել է, թե ինչպես են բարձր սարերի վրա թուրքական դրոշներ փակցված և գրված. «մենք հզոր ենք, մենք ուժեղ ենք և մենք պատրաստ ենք» արտահայտությունը, որը, ըստ Հովհաննիսյանի, հստակ հիշեցում է «Քրդական բանվորական կուսակցությանը», որ թուրքական պետությունը պատրաստ է ուժի միջոցով իր համար ձեռնտու լուծումներ տալ քրդական հարցին:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ օգոստոսի 25-ին Ռամադանն ավարտվում է, և արդեն իսկ պարզ է, որ դրանից հետո մենք ականատես ենք լինելու ավելի կտրուկ գործողությունների, քանզի այդ մասին Էրդողանից առաջ հայտարարել էր նաև Գյուլը:
«Թուրքական իշխանությունը ցույց տվեց, որ դեմոկրատական երկխոսությունը Թուրքիայի քաղաքական էլիտայի համար բարդ հարց է, և նա ավելի շուտ պատրաստ է ուժով հարցերը լուծել»,-հավելեց Հովհաննիսյանը:







































