
Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը: Այս մասին հայտնել է Երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը: Երգահանը մահացել է փետրվարի 4-ին, հիվանդանոցում:
Արթուր Գրիգորյան (Արտաշես Գրիգորի Գրիգորյան) ծնվել է 1958 թվականին, Երևանում:
Սովորել է Երևանի Տիգրան Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային, այնուհետև՝ կոմպոզիցիայի դասարանում, 1975-1979 թվականներին՝ Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981-1983 թվականներին և 1987 թվականից դասավանդել է «Հայհամերգ» էստրադային ստուդիայում։ 1983-1984 թվականներին աշխատել է Գեղագիտական ազգային կենտրոնում:
1984-1991 թվականներին սովորել է Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1985-1988 թվականներին եղել է «Պոպուլյար» ՎԳԱ-ի երաժիշտ։ 1992 թվականին նշանակվել է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ, մինչ 1994 թվականը ղեկավարել է Հայաստանի պետական ջազային նվագախումբը: 1994 թվականից հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր առ այսօր։