«Արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեմ տեսնում, սակայն դա չի նշանակում, որ տեսականորեն դրանք չեն կարող լինել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց «Կովկաս ինստիտուտ»-ի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքերով, սակայն, արտահերթ ընտրությունները որևէ բան չեն փոխի, քանզի եթե լինեն էլ, պարզ է, որ սեպտեմբերին կամ հոկտեմբերին չեն լինելու, և այդ դեպքում ընտրությունների օրվա փոփոխությունը՝ մեկ կամ երկու շաբաթով, կլինի պարզապես խորհրդարանի փոփոխության շրջանակներում ընթացող իրադարձություններից մեկը, ոչ ավելին:
Իսկանդարյանի կարծիքով՝ ամենակարևորն այսօր այն է, թե ինչպիսի դասավորումներ կլինեն նոր խորհրդարանում, քանզի դրանից շատ բան է կախված: Նա նշեց, որ սեպտեմբերի կեսից Հայաստանը կմտնի բուռն նախընտրական շրջան: Իսկանդարյանի խոսքերով՝ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում այնքանով են կարևոր, որ դրանք պայմանավորում են գալիք նախագահական ընտրությունները:








































