Այսօր առավոտյան ժամը 10։00-ից Հայ ազգային կոնգրեսի և իշխանության պատվիրակները սկսեցին թվով հինգերորդ հանդիպումը։
Այս հանդիպումը տեղի է ունենում Հայ ազգային կոնգրեսի որակմամբ՝ երկրում նոր քաղաքական իրավիճակի պայմաններում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին ՀԱԿ յոթ երիտասարդ ակտիվիստների ձերբակալության, ապա նրանցից չորսի նկատմամբ մեղադրանք առաջադրելու և երեքի՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ՝ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո Հայ ազգային կոնգրեսը լուրջ վերապահումով է վերաբերվում մեկնարկած երկխոսությանը։
Երեկ, պատասխանելով լրագրողների հարցին, թե կարո՞ղ է տղաների հետ տեղի ունեցած միջադեպը պատճառ հանդիսանալ ՀԱԿ-իշխանություն երկխոսության դադարեցման համար, Առաջին նախագահի մամլո խոսնակ Արման Մուսինյանը նշեց, որ այդ փաստը մեծ խոչընդոտ է երկխոսության ճանապարհին: Կախված նրանից, թե ինչ կլինի ՀԱԿ ակտիվիստների հետ, Կոնգրեսը համապատասխան որոշում կկայացնի: Նա նաև ասաց, որ իրենց որոշումը կհրապարակվի այսօր՝ երկխոսության 5-րդ ռաունդի ժամանակ:
«Երեք տարի շարունակ քաղբանտարկյալների առկայությունը եղել է այն հիմնական նախապայմանը, որը խանգարել է երկխոսությանը, և այս պարագայում տղաների ձերբակալությունը լրջագույն խոչընդոտ է: Ուղղակի մենք ունենք 24 ժամ, որից հետո կհրապարակենք մեր որոշումը»,- ավելացրեց Արման Մուսինյանը:







































