Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շարունակում է Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող հարցերի շրջանակում հանդիպել արտախորհրդարանական ուժերի, իրավաբանների, ՀԿ սեկտորի ներկայացուցիչների հետ:

Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իսկապես, իշխանությունն իր օրակարգում ունի սահմանադրական բարեփոխումների կատարումը, այլապես նման քննարկումներ տեղի չէին ունենա. «Միաժամանակ, իհարկե, շատ կարևոր է, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումների օրակարգի ձևավորման համար հետպատերազմյան նոր իրավիճակում, երբ շատ բաներ իմաստավորվում են, այդ գործընթացը հնարավորինս ներառական լինի, անգամ ավելի ներառական, քան մինչև պատերազմը այդ հանձնաժողովի ձևավորումն էր՝ սկսած նրա կազմից, վերջացրած առանձնահատկություններով: Այս առումով շատ կարևոր է բոլոր շահագրգիռ կողմերին լսել, այդ թվում քաղաքական ընդդիմախոսներին, և ըստ այդմ, ձևավորել սահմանադրական բարեփոխումների օրակարգ»,-ասաց նա:
Խալաթյանի խոսքով, երկու հիմնական հարց է դրված սեղանին. Մեկը կառավարման համակարգի փոփոխությունն է, երկրորդը Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միավորման և մեկ Գերագույն դատարանի ստեղծման հարցն է:
«Առաջինի հետ կապված ասեմ, որ խորհրդարանական համակարգը Հայաստանում լուրջ բարեփոխման կարիք ունի, որովհետև այն սահմանադրական ընթացակարգերն ու կառուցակարգերը, որոնք ձևավորվել են 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ապացուցել են իրենց ոչ կենսունակությունը՝ սկսած նրանից, որ Սահմանադրությամբ որևէ կառուցակարգ նախատեսված չէ քաղաքական ճգնաժամերի, Ազգային ժողովի անգործունակության և նմանատիպ այլ իրավիճակներում: Օրինակ, խորհրդարանի արձակման մեխանիզմ, ըստ էության, նախատեսված չէ: Սահմանադրությունն այդ հարցով ընդհանրապես որևէ լուծում չի նախատեսում, և մենք տեսնում ենք, թե զուտ քաղաքական մակարդակում ինչպիսի պայմանավորվածությունների արդյունքում է հնարավոր լինում ցրել Ազգային ժողովը, թե 2018-ին, թե 2021-ին: Մյուս խնդիրը կապված է կայուն խորհրդարանական մեծամասնության հետ, որը նույնպես, ես կարծում եմ, որ պետք է վերացվի, եթե մենք պահում ենք խորհրդարանական համակարգը»,-ընդգծեց «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչը:
Մյուս տարբերակն, ըստ նրա, այն է, որ անցում կատարվի կիսանախագահական կառավարման համակարգի. «Ես կարծում եմ, որ նույն գետը երկու անգամ չեն մտնում և կիսանախագահական կառավարման համակարգը ՀՀ-ում ապացուցել է իր ոչ կենսունակությունը, քանի որ ավտորիտար կառավարման 20-ամյակը, որ մենք ունեցել ենք, նաև այդ կառավարման այդ համակարգի պատճառով է եղել:
Բոլոր դեպքերում ես դեռ նկատում եմ, որ այս հարցում իշխանությունը երկու քարի արանքում լինելու ինչ-որ վիճակում է: Իրենք հստակ որոշել են փոփոխություններ անել, բայց փոփոխել արդյոք բուն կառավարման համակարգը, թե եղածը բարեփոխել, այստեղ դեռ իշխանությունը մտմտում է, լուծում դեռ չկա: Ինչ վերաբերում է ՍԴ-ն ու Վճռաբեկ դատարանները միավորելու գաղափարին, ապա նախքան կովիդն ու պատերազմը եղած սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի օրակարգում եղել է այդ հարցը, որ այդ երկու դատարաններին պետք է փոխարինի Գերագույն դատարանը: Այս հարցում իշխանությունը շատ ավելի կողմնորոշված է իր նախընտրություններում: Ես կարծում եմ, որ մենք կունենանք նոր բարձրագույն ատյան, որը մի կողմից թույլ կտա ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի միջև եղած ինստիտուցիոնալ հակասությունները հարթել, երկրորդը, նաև թույլ կտա Գերագույն դատարանի նոր կազմ ձևավորել, ինչը վեթինգի յուրօրինակ ձև կարող է լինել, քանի որ զրոյից կկազմավորվի այդ բարձրագույն դատական ատյանը, և համապատասխանաբար հնարավորություն կլինի բոլոր այն դատավորներին, որոնք բնականաբար, չեն համապատասխանի իրենց բարձր կոչմանը, պարզապես, Գերագույն դատարանը ձևավորող մարմնի կողմից չեն ընտրվի, իսկ առաջադրող մարմիններն էլ նրանց չեն առաջադրի: Հնարավորություն կլինի բարձրագույն մակարդակում արդեն դատական կորպուսը զտել անհաջող կադրերից»,-ասաց Արտաշես Խալաթյանը:











































