«Թալիբան» արմատական շարժումը մերժել է Աֆղանստանի հյուսիսային Փանջշեր նահանգում կրակի դադարեցման վերաբերյալ դիմակայության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդի առաջարկը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
«Պայմանավորվելու ոչինչ չունենք Ահմադ Մասուդի հետ այն բանից հետո, երբ նա արդեն մերժել է խաղաղության մեր առաջարկը»,-մեջբերվում է թալիբների քաղաքական գրասենյակի ներկայացուցչի խոսքը։
Կիրակի դիմակայության առաջնորդը հայտարարել էր մարտերը դադարեցնելու և բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին, եթե գրոհայինները լքեն նահանգը։ Մասուդը գիտնականների և բարեփոխիչների հետ հանդիպման հույս էր հայտնել՝ քննարկումների շարունակման և բանակցությունների անցկացման նպատակով։
Սեպտեմբերի 5-ին թալիբների դեմ մարտերում զոհվել է դիմակայության ուժերի մամուլի քարտուղար Ֆահիմ Դաշթին։
Սեպտեմբերի 4-ին «Թալիբանի» ներկայացուցիչ Բիլալ Քարիմին հայտարարել էր, որ Փանջշեր նահանգի ռազմավարական նշանակություն ունեցող Հինջ շրջանը, ինչպես նաև Աննաբա շրջանն անցել են շարժման վերահսկողության տակ։







































