Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում 12 քաղաքացիական անձինք են զոհվել ամերիկյան օդուժի հարվածից։ Այդ մասին երկուշաբթի, օգոստոսի 30 -ին հայտնել է CNN- ը:
Նշվում է, որ մեքենայի վրա հարձակումը իրականացվել է անօդաչու թռչող սարքից։ Մեքենան վարել է մահապարտ ահաբեկիչը ՝ մտադրվելով ահաբեկչություն իրականացնել Քաբուլի օդանավակայանում: Հրթիռն ընկել է Հաջ Բագրայի շրջանում գտնվող բնակելի շենքի վրա, և զոհվածների թվում կան երեխաներ: Հզոր պայթյունից տունը քանդվել է: Մահացածների թվում կա վեց երեխա։
Ամերիկացի զինվորականները սկզբում չեն մեկնաբանել խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկությունները, սակայն ավելի ուշ ընդունել են այդ փաստը:
«Մենք գիտենք, որ տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնք ավերել են մեքենան․ դրա մեջ եղել են բազմաթիվ պայթուցիկներ: Սա կարող էր լրացուցիչ զոհերի պատճառ դառնալ: Մենք հետաքննություն ենք անցկացնում: Խորապես վշտացած ենք հնարավոր անմեղ զոհերի համար»,-ասել է կապիտան Բիլ Ուրբանը: