Պարզվում է՝ հայ տղամարդիկ սկսել են ավելի շատ հետևել իրենց արտաքինին և հոգ տանել առողջության մասին: Այդ մասին են վկայում «Առաջին լրատվականի» կատարած հարցումները:
Orange ֆիթնեսի և թենիսի ակումբի մամլո խոսնակ Արևիկ Ուդումյանի խոսքով՝ տղամարդիկ տոկոսային հարաբերությամբ ավելի շատ են հաճախում իրենց կենտրոն, թեև օրվա տարբեր ժամերին պատկերը կարող է փոփոխվել:
Ըստ նրա՝ մարդկանց թիվն աճում է հատկապես աշխատանքային օրվա ավարտից հետո՝ ժ. 18:00-20:00-ն ընկած հատվածում: «Ընտանիք ունեցող կանայք նախընտրում են մարզվել օրվա հատկապես ցերեկային ժամերին»,- նշեց նա՝ հավելելով, որ կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր նախընտրում են մարզվել վաղ առավոտյան, ապա նոր գնալ աշխատանքի:
«Հայաստան» մարզաառողջարանային համալիրի ադմինիստրատոր Նարինե Բաբայանն էլ իր խոսքում նշեց, որ եթե խոսքը վերաբերում է լողավազանին ու մարզասարքերից օգտվելուն, ապա այստեղ մեծ թիվ են կազմում տղամարդիկ: Կանայք հիմնականում նախընտրում են օգտվել կենտրոնի մատուցած շեյփինգի ու ջրային աերոբիկայի ծառայությունից: Նա կանանց՝ լողավազանից քիչ օգտվելը բացատրեց նրանց կոմպլեքսավորվածությունից : «Վերջիններս աշխատում են լողավազանից օգտվել այնպիսի ժամերի, որ տղամարդիկ քիչ լինեն»,- նշեց Ա. Ուդումյանը:
Երևանի «DDD» մարզահամալիրում էլ գրեթե նույն վիճակն է, ինչ վերոնշյալ համալիրներում: Այստեղ ևս տղամարդիկ նախընտրում են օգտվել մարզասարքերից, իսկ աղջիկներն ու կանայք նախընտրում են գնալ շեյփինիգի և օգտվել լողավազանից:
Երևանյան մյուս ֆիթնես ակումբներում ու հյուրանոցային համալիրներում հարցման արդյունքում պատկերը չփոխվեց՝ հաճախորդների մեծ մասը տղամարդիկ են, որոնք սիրում են օգտվել հատկապես մարզասարքերից, լողավազանից ու սաունայից:









































