Ուկրաինական ինքնաթիռը, որը ժամանել էր Քաբուլ՝ Ուկրաինայի քաղաքացիներին տարհանելու համար, առևանգվել է անհայտ անձանց կողմից։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Եվգենի Ենինը, փոխանցում է TASS-ը։ Նշվում է, որ այն ուղևորների անհայտ խմբով ուղևորվել է Իրան։
«Անցած կիրակի մեր ինքնաթիռը գրավել են այլ մարդիկ։ Երեքշաբթի մեզնից փաստացի ինքնաթիռ են առևանգել, այն ուղևորների անհայտ խմբով թռել է Իրան։ Մեր քաղաքացիներին տարհանելու հաջորդ երեք փորձերը նույնպես անհաջող են եղել, քանի որ մեր ուղևորներին չի հաջողվել հայտնվել օդանավակայանի տարածքում»,-ասել է Ենինը։
Կիրակի ռազմատրասնպորտային ինքնաթիռը, որում գտնվել է 83 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի 31 քաղաքացի, Աֆղանստանից ժամանել է Բորիսպոլի միջազգային օդանավակայան։ Ուկրաինացիներից բացի, երկիր են տեղափոխվել օտարերկրյա լրագրողներ և հասարակական գործիչներ, ովքեր դիմել էին օգնության խնդրանքով։ Աֆղանստանում ներկայում տարհանման է սպասում մոտ 100 ուկրաինացի։








































