Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի արդեն 4-րդ տուրը «նշանավորվեց» սկանդալով։ Սպասվածի համաձայն կրկին գործի անցան հայկական ֆուտբոլի «սև բրիգադի» ներկայացուցիչները՝ մրցավարի հագուստ կրող անձինք։ Երեկ «Նաիրի» մարզադաշտում տեղի ունեցած «Սևան»-«Արարատ» հանդիպումը սպասարկող Զավեն Հովհաննիսյանը առաջին «սխրագործությունը» գործեց՝ 3 միավորից զրկելով «Արարատին»։ «Սևանը» հաղթեց 2։0 հաշվով, բայց․․․։ Անդրադառնանք երեկվա կարևորագույն երկու դրգավի, որոնք, «զարդարելով» երեկվա հանդիպումը, իրենց ուրույն տեղը կգտնեն նաև 2021/2022 թթ մրցաշրջանի «սև մատյանում»։ Հանդիպման 18-րդ րոպեին 1։0 հաշվի ժամանակ «Արարատի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանը հավասարեցնում է հաշիվը, սակայն Հովհաննիսյանի բրիգադը որոշում է, որ գոլը արձանագրվել է խաղից դուրս վիճակում։ Տվյալ դրվագում «Սևանի» պաշտպան Արթուր Քարտաշյանը, վայր գցելով, «Արարատի» հարձակվող Սիլուեին, փորձում է հեռացնել գնդակը, սակայն այն հայտնվում է Մալքայանի մոտ։ Տուգանային հրապարակի մատույցներում գտնվող գլխավոր «սուձյան» չի նկատում կամ չի ցանկանում նկատել, որ Մալաքյանը գնդակը ստանում է մրցակցի պաշտպանից և խաղից դուրս վիճակ չէր կարող լինել։ «Սուձյա» Զավենը նախ ձեռքի շարժումով հաշվում է գոլը, այնուհետև նայելով եզրային «սուձյանին» արձանագրում է խաղից դուրս վիճակ։
Նշենք, որ եզրային կամ «մլադշի սուձյան»՝ ի տարբություն «սուձյա» Զավենի, գտնվում էր տվյալ դրվագից մի քանի անգամ ավելի հեռու։ Մեկնաբանությունները թերևս ավելորդ են։ Հանդիպման 38-րդ րոպեին «Սևանի» պաշտպանը սեփական տուգանային հրապարակի մոտ ոտքով հարվածում է դարպասապահի հետ մեն-մենակ մնացած «Արարատի» հարձակվող Սերժ Դեբլեին, սակայն մոտ 10 մետր հեռավորության վրա գտնվող «սուձյա» Զավենը, ոչ միայն կարմիր քարտ ցույց չի տալիս «Սևանի» ֆուտբոլիստին, այլև՝ ընդհանրապես կանոնների խախտում չի արձանագրում։ «Սևանի» ֆուտբոլիստը տվյալ դրվագում ոչ միայն վերջին հույսի խախտում է կատարում, այլև բաց ոտքով հարվածում մրցակցին։ Եթե այս խախտումը տեղի ունենար նույնիսկ դաշտի կենտրոնում ցանկացած մրցավար պետք է գրպանից հաներ կարմիր քարտը։ Բայց ցավոք մենք մրցավարներ չունենք։ Սուձյա «Զավենը» և նմանատիպ այլ անձինք տարիներ շարունակ մեր ֆուտբոլի «հերն անիծում են»։ Այս անձանց ներկայությունը խաղադաշտում բազմաթիվ ֆուտբոլիստների, մարզիչների և երկրպագուների մոտ ուղղակի տհաճ զգացողություններ է առաջացնում։Ի դեպ՝ «Արարատը» բողոքարկել է երեկվա հանդիպումը, բայց․․․։
Ցավով պետք է արձանագրենք¸որ բողոքարկումները ոչինչ չեն փոխում։ «Սուձյա» Զավենի և նմանատիպ այլ անձանց կայացած ֆուտբոլ ունեցող որևէ երկրում դժվար թե գնդակին մոտ թողնեին։ Բայց մեզ մոտ այլընտրանք չկա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին տարիներին առաջնության կարևորագույն հանդիպումները սպասրակելու համար արտասհմանից է մրցավարներ հրավիրում։ Պարզ է, որ սա հարցի լուծում չէ։ Մրցաշրջանի ընթացքում մեր «սուձյաներն» անում են ինչ ուզում են, որոշում են չեմպիոնների ու մրցանակակիրների հարցը։ «Սուձյա» Զավենի՝ «Արարատից» խլած երեք միավորը կարող է վճռորոշ լինել չեմպիոնության կամ մրցանակային տեղերի համար պայքարում։ Ակնհայտ է թերևս, որ այսպես շարունակվել այլևս չի կարող։ Այս պահին խնդրի միակ լուծումը VAR համակարգի կիրառումն է Հայաստանի առաջնությունում։
Այս դեպքում էլ սակայն չկան երեշխիքներ, որ մեր սուձյաները տեսակրկնապատկերը դիտելուց հետո արդարացի որոշում կկայացնեն։ Իսկ խնդրի հիմնարար լուծումը բնականաբար պրեֆսիոնալ լիգայի ստեղծումն է, որի համար անհրաժեշտ են ֆինանսական լուրջ ռեսուրսներ։ Այդ դեպքում ակումբները հնարավորություն կունենան ընտրելու մրցավարների, որոնք կսպասարկեն ամբողջ մրցաշրջանը։







































