Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը երեկ հրապարակեց սեպտեմբերի սկզբին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։Հրավիրվածների շարքում է «Դինամոյի» 18-ամյա հայ հարձակվող Արսեն Զախարյանը։ Փոխարենը հայտացուցակում տեղ չի գտել վերջին տարիների հավաքականի հարձակման գծի առաջատար «Զենիթի» նեկայացուցիչ Արտեմ Ձյուբան: Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանը Մոսկվայում կմրցի Խորվաթիայի հետ։ Սեպտեմբերի 4-ին Նիկոսիայում Կարպինի գլխավորած հավաքականը կհանդիպի Կիպրոսի հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կհյուրընկալի Մալթայի ընտրանուն։
«Երջանիկ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբը հրավիրել է ինձ: Նախորդ անգամ չհասցրեցի ամբողջությամբ զգալ ազգային թիմի մթնոլորտը: Կձգտեմ ու կաշխատեմ ապացուցել, որ ինձ հենց այնպես չեն վստահում:Հրավերի մասին իմացա, երբ ինձ հաղորդագրություն ուղարկեցին ակումբից: Իհարկե, ունեի հույս դարձյալ հայտնվել գլխավոր հավաքականում, սակայն ձգտում էի չմտածել այդ մասին, այլ կենտրոնանալ իմ խաղի ու թիմի արդյունքների վրա: Փորձում էի առավելագույնը ցուցադրել «Դինամոյում: Առջևում կան առաջնության ևս 2 խաղեր, որոնց վրա կենտրոնացած եմ: Հավաքականի մասին կմտածեմ դրանից հետո: Այս պահին մտքերս Եկատերինբուրգում կայանալիք խաղի մասին են»,- «Դինամոյի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Զախարյանը։ Վերջինիս ազգային թիմի հայտացուցակում հայտնվելը, ինչպես նաև Ձյուբայի բացակայությունը քննարկման լայն առարկա է դարձել ռուսական մամուլում։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում ձախողվելուց հետո Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հեռացել էր։ Կարպինի նշանակում էլ, ոչ միանշանակ արձագանք էր ստացել ռուս մասնագետների շրջանում։ « Արսեն Զախարյանին հրավիրելը չէի որակի հավաքականի երիտասարդացման գործընթացի սկիբզ։ Կարծում եմ ազգային թիմի կազմն օպտիմալ է։ Նորեկները չեն մնա վերջնական հայտացուցակում, եթե չցուցադրեն լավ խաղ։ Զախարյանին տեսնում եմ թե կենտրոնում, թե եզրերում։ Եթե որոշենք, որ նա օգտակար է հավաքականին, ապա կխաղա։ Զախարյանը հավաքականում է, քանի որ տաղանդավոր խաղացող է և կարծում եմ՝ նա կարող է օգուտ տալ։ Եթե խաղա այնպես, ինչպես ԲԿՄԱ-ի դեմ, ապա մեծ է հավանականությունը, որ մեկնարկայի կազմում կլինի Խորվաթիայի դեմ։ Ես մտադրություն չունեմ որեւէ մեկին հենց այնպես պահել թիմում»,- ասել է Կարպինը։
Ինչևէ, Զախարյանի երազանքը կարծես իրականություն է դառնում։ Մերժելով Հայաստանը նա ձգտում էր Ռուսաստանի ազգային թիմում հայտնվել։ Հիշեցնենք, որ Զախարյանը տեղ էր գտել նաև Եվրո-2020-ի Ռուսաստանի ազգային հավաքականի նախնական հայտացուցակում։ Ուսումնամարզական հավաքից առաջ սակայն Զախարյանի մոտ ախտորոշվել էր բակտերիալ անգինա։ «Մենք բոլորս Արսենին աջակցում ենք, նրա համար դեռ ամեն ինչ առջևում է։ Իհարկե նա հիասթափված է, բայց առաջնայինն առողջությունն է։ Նա պատրաստվում էր ու առաջին անգամ հրավիրվել էր հավաքական։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ նրա փոխարեն կհիասթափվեր։ Բայց ոչինչ՝ կարևորն առողջությունն է, իսկ հետո կտեսնենք։Դեռ ամեն ինչ առջևում է, նա ընդամենը 18 տարեկան դարձավ»,- Sport24-ի հետ զրույցում ասել էր Արսեն Զախարյանի հայրը՝ Նորայր Զախարյանը։ ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն Ռուսաստանի ազգային հավաքականում պաշտոնական հանդիպման մասնակցելու պարագայում Զախարյանն այլևս երբեք չի կարողանա կրել այլ երկրի հավաքականի մարզաշապիկ։ Հետևաբար սեպտեմբերի 1-ին մասնակցելով Խորվաթիայի դեմ հանդիպմանը Արսեն Զախարյանն այլևս երբեք չի կարողանա խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Ամեն դեպքում հայ ֆուտբոլիստի Ռուսաստանի հավաքականն ընտրելը պետք է որակել պրոֆեսիոնալ որոշում և հարգել։
Քիչ չեն օրինակները երբ հայազգի խաղացողները հրաժարվել են խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Միևնույն ժամանակ քիչ չեն նաև հայրենասեր տղաները, ովքեր իրենց հայրենիքի թիմի մարզաշապիկ կրելը վեր են դասել ամենից։ Ամենաթարմ օրինակը «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անցյալ տարի մեր գլխավոր թիմին միանալն է։ Սպերցյանն ուներ հնարավորություն խաղալու Ռուսաստանում, բայց Հայաստանից հրավեր ստանալուն պես, նա առանց երկմտելու ընդունեց այն և նորամուտի խաղում դարձավ կարևոր գոլի հեղինակ։




































