«Թալիբան» շարժման զինյալների պատվիրակությունը ժամանել է Քաբուլի նախագահական պալատ՝ կառավարության հետ բանակցություններ վարելու, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը ՝ վկայակոչելով աղբյուրներին:
Ավելի վաղ «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել էր, որ կառավարության հետ բանակցություններ է վարում Քաբուլ խաղաղ մուտք գործելու հնարավորության շուրջ: Թալիբները նաևհայտարարել են, որ Աֆղանստանի կառավարությունը Քաբուլի անվտանգության համար պատասխանատու կլինի մինչև անցումային գործընթացի ավարտը:
Ինչպես հաղորդել է Al Arabiya-ն, Աֆղանստանի նախագահն առաջիկա ժամերին վայր կդնի իր լիազորությունները։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, «Թալիբան» արմատական շարժման կազմավորումները կիրակի հարձակում են սկսել Քաբուլի վրա։
Ինչպես Twitter-ում հայտարարել է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, շարժումն իր ստորաբաժանումներին հրաման է տվել չգրոհել Քաբուլը:
«Թալիբան» շարժման զինյալների կողմից երկրի խոշոր քաղաքների վրա հարձակման հետևանքով Աֆղանստանում իրավիճակը վերջին շաբաթներին սրվել է: Կիրակի ԶԼՄ-ները և աղբյուրները հայտնել են, որ թալիբները վերահսկում են Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը, գտնվում են մայրաքաղաքի մերձակայքում և հսկողության տակ են վերցրել Քաբուլի համալսարանը: Մինչդեռ Աֆղանստանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ վերահսկում է իրավիճակը երկրի մայրաքաղաքում:









































