Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ կերպարվեստի թանգարանը «Տելեգրամ»-ի իր ալիքում բողոքել է գերմանական «Rammstein» ռոք խմբի մեներգիչ Թիլ Լինդեմանին այն բանի համար, որ նա թվային պատկերներ է օգտագործել թանգարանից, որտեղ նկարահանել է «Սիրելի քաղաք» երգի տեսահոլովակը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Էրմիտաժը Լինդեմանին թույլ էր տվել թանգարանում անցկացնել խորհրդային հայտնի «Սիրելի քաղաք» երգի տեսահոլովակի նկարահանումը, որը նա կատարել էր ռուսերեն լեզվով: Ինչպես այն ժամանակ պարզաբանել էր Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, նկարահանումները կազմակերպվել էին Ռուսաստանում Գերմանիայի տարվա միջոցառումների շրջանակներում:
«Օրերս հայտնի դարձավ, որ պարոն Լինդեմանը թողարկում է «NFT»(non-fungible tokens) շարքը ՝ նկարահանումների ժամանակ Էրմիտաժում պատրաստված թվային պատկերներով։ Թանգարանի հավաքածուներից և ինտերիերից իրերի պատկերների օգտագործումը, ինչպես նաև «Hermitage Edition»-ի նշումով, չի եղել և չէր կարող համաձայնեցվել թանգարանի հետ»,- նշվում է Էրմիտաժի Տելեգրամ ալիքում:
Նշվում է, որ թանգարանի արտոնագրային քաղաքականության խախտման մասին նախազգուշացումը, որն ուղարկվել էր «Rammstein»-ի մեներգչին, արձագանք չի ստացել:









































