Հանքարդյունաբերությունը թե բնապահպանական, թե, ընդհանրապես, Հայաստանի գոյության թիվ մեկ խնդիրն է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Թեղուտ» պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը՝ պատճառաբանելով, որ կոնկրետ ռազմավարություն չունենալով՝ կառավարությունը օր օրի նոր հանքեր է բացում, նոր լիցենզիաներ է տալիս տարբեր կասկածելի ընկերությունների: Հաշվի չառնելով՝ տվյալ վայրում բնակավայր կա, մարդիկ են ապրում, ինչքանով է աղտոտվում այդ հանքերից մարդկանց խմելու ջուրը, հողը և այլն: Ավելին՝ այս ամենը միայն բնության խնդիրը չէ, քանի որ դա ազդում է երեխաների վրա:
«Այսօր մենք արդեն ունենք անոմալ ծնունդների կատաստրոֆիկ տվյալներ: Կանայք կամ վիժումների առաջ են կանգնում, կամ էլ երեխաները ֆիզիկական ու մտավոր արատներով են ծնվում: Քույրս բժիշկ է, և նրա մոտ անհամեմատ ավելացել է նման երեխաների թիվը: Ընդ որում, այդ ամենը երեխաներին գեներով չի փոխանցվում, այլ ձեռքբերովի է:
Հանքարդյունաբերությունը խայտառակ դեստրուկտիվ ազդեցություն են թողնում մարդու օրգանիզմի և պտղի վրա: Միայն 2005 թ. տվյալներով՝ Հայաստանը 2-րդ տեղն էր գրավում անոմալ ծնունդների թվով ԱՊՀ երկրների շարքում: Առաջինը Ղրղըզստանն էր, որտեղ էլ ուրանի հանքեր են: Սակայն այսօր այդ գործունեությունը ավելի լայն մասշտաբներ է գրավել, և այսօր մենք ավելի խայտառակ տվյալներ ունենք, բայց ոչ մոնիտորինգ է իրականացվում այս խնդրով, ոչ էլ բարձրաձայնվում է այս մասին: Ցավոք, այս խնդիրը թողնվել է մի քանի ակտիվիստների վրա»,- ահազանգեց Մարիամ Սուխուդյանը:








































