Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը, որոնք ներառում են համայնքային և համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների հիմնանորոգում, ջրամատակարարման ցանցի կառուցում և լայնածավալ բնակարանաշինություն: Նշվել է, որ բնակշինարարության առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 բնակարան և 290 տուն: Բնակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում՝ սեփական տանիքով ապահովելով Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: