Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Իրանին սահմանակից Աղրը (Արարատ) նահանգի Դողուբեյազըթ շրջանում պայթեցվել է Իրանից եկող գազատարը։ Պայթյունի բոցերն ունեցել են 60-70 մետր բարձրություն և նկատելի են եղել մոտակա գյուղերից ու շրջաններից՝ Իգդիրից ու Վանից։
«Թավրիզ-Էրզրում» գազատարը պայթեցվել է տեղական ժամանակով ժամը 23.00-ին։ Որպես պայթյունի պատճառ է նշվում ահաբեկչության իրագործումը։
Հիշեցնենք, որ այս գազատարը նույն Աղրը (Արարատ) նահանգի Դողուբեյազըթ շրջանում դարձյալ պայթեցվել էր օրեր առաջ՝ հուլիսի 29-ին։ Իսկ դրանից առաջ էլ այն նույն վայրում քուրդ զինյալների կողմից պայթեցվել էր նախորդ տարվա հուլիսի 21-ին։ Պայթյունի արդյունքում 10 օրով դադարեցվել էր իրանական գազի մուտքը Թուրքիա:
Միջին հաշվարկով Իրանն օրական դրանով Թուրքիա է առաքում 25-30 միլիոն խորանարդ մետր գազ: Քրդերի այդ քայլը միաժամանակ հարված էր հասցրել և՛ Թուրքիային, որը հանդիսանում է իրանական գազի խոշորագույն ներկրողը, և՛ Իրանին, որն էներգետիկ ոլորտում Թուրքիայի երկրորդ խոշոր գործընկերն է (Ռուսաստանից հետո):
Այն ժամանակ, «Թավրիզ-Էրզրում» գազամուղի պայթյունի հետ կապված, Ադրբեջանն ստիպված էր եղել մեծացնել «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազամուղով Թուրքիա առաքվող գազի մատակարարման ծավալը:









































