2011 թ. սեպտեմբերի 26-ին Երևանում տեղի կունենա Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել գյուղատնտեսության, կրթության, գիտության, տրանսպորտի և կապի, առողջապահության, մշակույթի բնագավառներին առնչվող մի շարք հարցեր: «Առաջին լրատվականի» հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնեցին, որ նիստի արդյունքում կստորագրվի արձանագրություն և գործողությունների ծրագիր:
Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է 1992 թ. ապրիլի 2-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առևտրական հարաբերությունների մասին» համաձայնագրի հիման վրա:
Հանձնաժողովի նիստերը սովորաբար անցկացվում են տարին երկու անգամ, հաջորդաբար` ՀՀ-ում և ԱՄՆ-ում` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ: Հանձնաժողովի հայկական կողմը նիստեր է գումարում նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի:
Ֆիննախարարության համաձայն՝ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների արդյունքում զգալիորեն կատարելագործվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև իրավապայմանագրային բազան, նշանակալի զարգացում է գրանցվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում: «Էականորեն ընդլայնվել և զարգացել է համագործակցությունը տրանսպորտի և կապի, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, մաքսային և այլ բնագավառներում: Հատկանշական է հատկապես հայկական սփյուռքի հետ համագործակցության ընդլայնումը»,- պատասխանել են նախարարությունից:
Նշենք, որ ՀՀ-ում գործում է ԱՄՆ կապիտալի մասնակցությամբ մոտ 540 ձեռնարկություն:










































