Աշխարհաքաղաքականությունը այլեւս ենթակա է ԱՄՆ-Չինաստան ռազմավարական դիմակայությանը: Ինչու՞ է ԱՄՆ միակ գերտերությունը աշխարհում: Բանն այն է, որ գերտերությունը չի չափվում միայն ազդեցության գոտով կամ միջուկային մարտագլխիկների քանակով: Կա թերեւս երկու առանցքային հատկանիշ.
աշխարհի քարտեզի վրա համաժամանակ առավելագույն հատվածներում պատերազմ վարելու կարողություն՝ թե տնտեսական, թե ռազմական, եւ համաշխարհային տնտեսության վրա ունեցած ազդեցություն: Այդ իմաստով չկա ԱՄՆ-ին հավասարազոր: Ընդգծեմ, գերտերություն չի նշանակում տերություն, որի կամքով է ամեն ինչ ամենուր որոշվում եւ առավել եւս ձեռքի կամ մատի շարժումով:
Գերտերություն նշանակում է աշխարհաքաղաքական խաղի առավելագույն հնարավորություն ունեցող սուբյեկտ, որն այո՝ կարող է շատ տեղերում բախվել այլ սուբյեկտների դիմադրության, ունենալ խնդիրներ եւ այլն: Բայց գերտերությունը այն է, որն ունի իր աշխարհաքաղաքական նպատակները իրագործելու առավելագույն մեծ ուժ եւ կարողություն, ըստ այդմ առավել մեծ հավանականություն:
Չկա աշխարհում երկրորդ պետություն, որը կարող է սահմանել օրինակ պատժամիջոցներ, որոնք ըստ էության ստանում են միջազգային կարգի նշանակություն:
Ահա այդ ամբողջի համատեքստում է նաեւ, որ ԱՄՆ իրատեսական միակ մրցակից դառնում է Չինաստանը, որովհետեւ ձեռք է բերել ահռելի տեսակարար կշիռ համաշխարհային տնտեսության իմաստով եւ ռեսուրսային առումով մոտենում է սահմանների, որոնք կենթադրեն արդեն ԱՄՆ հետ մրցակցության ռազմավարական կարողություն:
Նրանցից ով ինչպես կաշխատի մյուս ուժային կենտրոնների հետ՝ արդեն այլ հարց է: Մեզ համար բարդությունն այն է, որ մենք մի շարք գործոնների բերումով ստիպված ենք ահռելի էներգիա ծախսել Ռուսաստանի հետ աշխատանքի ուղղությամբ: Մի սուբյեկտ, որը վաղուց այլեւս լայն իմաստով երկրորդը չէ, աշխարհակարգի իմաստով ինքն է կանգնած ԱՄՆ, թե Չինաստանի «խնամակալության» ընտրության առաջ, բայց մեզ դիտարկում է ընդամենը այդ ընտրությունը կատարելու հարցում ռեսուրս:
Լայն իմաստով որոշակիորեն թյուր է կարծում եմ, խորքային իմաստով, թե մենք ՌԴ համար մանրադրամ ենք Թուրքիայի հետ հարաբերությունում: Խորքային առումով մենք մանրադրամ ենք ՌԴ համար հենց ԱՄՆ, թե Չինաստան դիլեմայում, որի գիտակցումը ՌԴ վերնախավում անկասկած է, որքան էլ պրոպագանդայի մակարդակում փորձում են հավատացնել հակառակը:
Ռուսական տնտեսա-քաղաքական վերնախավը իր ռազմավարական մտապատկերի առնվազն առանցքային սցենարայյին պլաններից մեկում ըստ էության հանձնել է Հայաստանը, պարզապես ինքն էլ չգիտե՝ թե ում, եւ ինչի դիմաց: Եվ սրանով է իրավիճակը վտանգավոր, ոչ թե նրանով, որ բաց չեն թողնում ոչ մի կերպ:








































