
Մայիսի 24-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպումն առանձնահատուկ ուշադրություն է գրավում երկու հանգամանքի պատճառով, որոնցից մեկը անմիջականորեն առնչվում է Հայաստանին՝ Սյունիքի, և ընդհանրապես հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրադրության առիթով, և Վիեննայում Իրանի ու Արևմուտքի բանակցության, որի վերաբերյալ պաշտոնական Թեհրանն օրերս արեց բավականին հուսադրող հայտարարություններ: Այն, որ Թեհրանի համար Սյունիքը գերզգայուն թեմա է, հայտարարվել է բաց տեքստով, խոսելով կարմիր գծերի և Հայաստանի տարածքային ամբողջության անխախտելիության մասին: Այդ ամենով հանդերձ, Սյունիքի շուրջ ծավալվում են բազմիմաստ իրադարձություններ, ինչն էլ թերևս եղել է Իրանի դեսպանի առանցքային հետաքրքրության առարկան: Մասնավորապես, Աբբաս Բադախշան Զոհուրին Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը թերևս փորձել է հասկանալ, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը, որի վերաբերյալ Հայաստանի ներքին տեղեկատվական դաշտում տարածվում են ամենատարբեր աղբյուրների ամենատարբեր տեղեկություններ:
Ինչպես հայտնի է, հրապարակվել է աշխատանքային փաստաթուղթ, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ՌԴ միջնորդությամբ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց սկսելու ձևաչափի մասին է, սակայն տարբեր աղբյուրներ Հայաստանում տարածում են ինչ-ինչ տարածքներ հանձնելու տեղեկություններ, ու թեև դրանք պաշտոնական Երևանը հերքում է, ըստ ամենայնի այդ հերքումները պաշտոնական Թեհրանի համար եղել են ոչ այնքան համոզիչ և Իրանը հարկ է համարել իրավիճակի մասին տեղեկանալ հենց առաջին ձեռքից, խոսելով Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ:
Միևնույն ժամանակ, Սյունիքի խնդիրը ուղիղ շաղկապված է այն գործընթացին, որ ծավալվում է Վիեննայում՝ Արևմուտքի և Իրանի միջև, կամ այլ կերպ ասած՝ ԱՄՆ ու Իրանի միջև: Իրանի բանակցող, փոխարտգործնախարար Արաղչին հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվում պատժամիջոցների մի զգալի մաս չեղարկելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Ամերիկա-իրանյան հարաբերության կարգավորման միտումը հիմնարար նշանակություն ունի Կովկասի ռազմա-քաղաքական և տնտեսա-քաղաքական ստատուս-քվոյի համար և այստեղ Սյունիքը Իրանի և ԱՄՆ համար կարևոր բալանսավորող գոտի է, եթե Հայաստանը չի հանձնում դրա հանդեպ իր ինքնիշխան իրավունքները ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո: Մինչդեռ այն, ինչ ծավալվում է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքական տեղեկատվա-քարոզչական տիրույթում, պարունակում է այդ ինքնիշխան իրավունքի առնվազն դե ֆակտո չեզոքացման մեծ ռիսկ, հաշվի առնելով ոչ միայն մեդիամանիպուլյացիաների, այլ նաև արմատական ընդդիմության որոշակի շրջանակների տարածած գաղափարների բնույթը: Այդ իմաստով կարևոր է նաև հասկանալ, իսկ Թեհրանը պատրա՞ստ է որևէ կերպ օժանդակել Հայաստանին Սյունիքի հանդեպ թե դե յուրե, թե դե ֆակտո ինքնիշխանության ապահովման հարցում, թե՞ նախագահի ընտրության մոտեցող Իրանն ունի իր անհանգստությունները և պարզապես փորձում է համոզել Սյունիքում թիկունքից հարված չստանալու հարցում: