Այս տարի արձանագրվել է բոտուլիզմի 11 դեպք, արդյունքում 27 մարդ տուժել է, 3-ը՝ մահացել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 12 դեպք՝ 19 տուժածով և 1 մահվան ելքով:
2011 թվականին սնկային թունավորման 9 դեպք է արձանագրվել՝ 12 տուժածով և առանց մահվան ելքի: 2010 թվականին արձանագրվել էր սնկային թունավորման 18 դեպք` 32 տուժածով, 4 մահվան ելքով (մահացողները երեխաներ են եղել):
Մյուս թունավորումներից արձանագրվել է 8 դեպք՝ 68 տուժածով, իսկ պատճառը եղել են տնային պայմաններում պատրաստած, ջերմային ռեժիմին չհամապատասխանող սննդատեսակները: Սիսիանում, օրինակ, ուսուցիչները Տաթևի վանք այցելելիս ղաուրմա են տարել և թունավորվել դրանից:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:
Ի դեպ, բուտուլիզմը հիմնականում արձանագրվում է Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերում: Նա խորհուրդ տվեց ընդհանրապես պահածոներ չպատրաստել, այլ օգտվել սառեցման և չորացման տարբերակից, քանի որ բուտուլիզմը փոխանցվում է բանջարեղենին հողի միջոցով, իսկ պահածոյացման ընթացքում սկսում է թույն արտադրել: Թունավորման առաջին ախտանիշներն են գլխապտույտ, սրտխառնոց, լուծ, փսխում, ձայնի խանգարում, փորացավ: Այս ախտանիշների ի հայտ գալու դեպքում Մարգարիտա Բաբայանը խորհուրդ տվեց դիմել բժշկի, զերծ մնալ ինքնաբուժումից և միայն շատ հեղուկ օգտագործել: Ի դեպ, կոմպոտների և մուրաբաների պահածոյացման դեպքում թունավորումներ չեն առաջանում, քանի որ շաքարի 60 տոկոս առկայությունը թույլ չի տալիս, որպեսզի թույն արտադրվի:
Վերջին տարիներին, սակայն, ըստ Բաբայանի, թունավորման դեպքերը նվազել են. եթե 1990-ական թվականներին տարեկան 65 դեպք էր արձանագրվում, ապա վերջին տարիներին՝ առավելագույնը 19 դեպք։
Գլխավոր մասնագետ Լևոն Թուխիկյանն էլ նշեց, որ նույն սննդամթերքը կարող է մի օրգանիզմում թունավորում առաջացնել, իսկ մյուսում՝ ոչ: Անդրադառնալով տարածված այն կարծիքին, թե թունավոր սնկի օգտագործման դեպքում օղին կանխում է թունավորումը՝ Թուխիկյանը ասաց, որ այդպես չէ, հակառակը՝ ավելի բարդացնում է վիճակը: Նա խորհուրդ տվեց նաև զերծ մնալ «լցնովի» պաղպաղակներից, քանի որ այդ սարքերը չունեն ախտահանման հնարավորություն, հետևաբար հնարավոր է՝ այդ պաղպաղակները ուտելու դեպքում երկրորդ կարգի թունավորում առաջանա: Մի շարք զովացուցիչ ըմպելիքների փոխարեն, որոնց միջոցով քաղաքացիները փորձում են վերացնել շոգի պատճառով առաջացած թուլությունը, խորհուրդ է տրվում օգտագործել սեխ և ձմերուկ, քանի որ դրանք օգտակար են և վերականգնող հատկություն ունեն: Միաժամանակ զգուշացնում են, որ պետք չէ չարաշահել նաև սեխն ու ձմերուկը, ավելին՝ կան մի շարք հիվանդություններ, որոնց դեպքում դրանք հակացուցված են. օրինակ՝ միզուղիների հիվանդությունների դեպքում, քանի որ ձմերուկն ունի միզամուղ հատկություն, ինչպես նաև ստամոքսի խոցի և 12-մատնյա աղիքի բորբոքման դեպքում, իսկ սեխը հակացուցված է շաքարային դիաբետով հիվանդներին:








































