ՌԴ արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին շնորհավորել է կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության կապակցությամբ։ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են նպաստել այդ թեմայի շուրջ գիտնականների միջև շփումների զարգացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
«Ես երեկ այդ մասին խոսել եմ Էնթոնի Բլինքենի հետ, մենք արծարծել ենք «Սպուտնիկ»-ի թեման, նա շնորհավորել է արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու առթիվ, և մենք պայմանավորվել ենք զարգացնել այդ ոլորտում մեր լաբորատորիաների, գիտնականների, արտադրողների միջև շփումները, տեսնել՝ կա՞ արդյոք փոխգործակցության հնարավորություն այդ ճակատում»,- ասել է Լավրովը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ ունեցած բանակցությունների արդյունքների լուսաբանման առթիվ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ եվրոպական գործընկերների հետ այդ թեմայով արդեն առկա են լայնածավալ շփումները, մի շարք երկրներ շահագրգռված են գնել և իրենց երկրում արտադրել ռուսաստանյան պատվաստանյութը:









































