«Վերջին շրջանում մենք դատական բարեփոխումներին մեծ թափ ենք հաղորդել։ Այդ բարեփոխումների արդյունքները միանգամից չէ, որ տեսանելի են դառնում, բայց համոզված եմ, որ հետևողական քայլերի շնորհիվ կկարողանանք հասնել այն նպատակի իրագործմանը, որն ունենք մեր առաջ. այն է՝ անկախ դատական համակարգի և արդար դատական համակարգի հաստատմանը»,- այս մասին երեկ արդարադատության նախարարությունում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, որ վերջին շրջանում ականատես ենք եղել դատական համակարգի քաղաքականացման փորձերի, բայց դա անթույլատրելի է և խարխլում է դատական համակարգի և արդարադատության գաղափարն ինքնին։ «Մենք պետք է ընթացիկ և երկարաժամկետ մեխանիզմներ ունենանք նման երևույթները ոչ միայն արմատախիլ անելու, այլև թույլ չտալու համար»,- ասաց վարչապետը։
«Վատ լուր ունեմ հայտնելու Նիկոլ Փաշինյանին՝ ինքը հերթական անգամ մոլորության մեջ է։ 2.5 տարի առաջ էլ, հիմա էլ ասում եմ՝ եթե չլինեն հստակ, կտրուկ գործողություններ, դատական համակարգում ոչինչ էլ չի փոխվելու։ Առանձին գործերով, կոռուպցիոն, հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելը գալիս է ապացուցելու իմ ասածը։
Այնպես որ, վարչապետը կրկին ինքնախաբեությամբ է զբաղվում»,- վարչապետին հակադարձում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Վերջինիս դիտարկմամբ՝ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելը, մի քանի կոսմետիկ փոփոխությունը չի կարելի համարել դատաիրավական բարեփոխում։ «Նոր դատարաններ ստեղծելը նշանակում է, որ բարեփոխումների բոլոր ծրագրերն ուղղակի տապալվել են, քանի որ, եթե իրական բարեփոխումները աշխատեին, ապա կառավարությունը չէր գնա առանձին դատարաններ ստեղծելու ճանապարհով։ Իսկ իրենք վստահ են, որ ոչ մի բան էլ չի փոխվելու, դրա համար ձևական գնում են այս ճանապարհով։ Կրկնում եմ, սա բարեփոխում չի, սա թոզփչոցի է, սա մանիպուլյացիա է»,- ընդգծեց իրավապաշտպանը՝ ավելացնելով. «Ես զարմանում եմ, որ կառավարությունում, Ռուստամ Բադասյանից բացի, չկա մեկը, որ այդ հարցի շուրջ կարծիք հայտնի ու վարչապետին ճիշտ խորհուրդ տա։ Իսկ եթե վարչապետը չի դիտարկում այլոց տեսակետները, ապա դա արդեն լուրջ խնդիր է։ Կամ էլ՝ ի սկզբանե եղել է ծրագիր չբարեփոխել դատաիրավական ոլորտները։
Ես դրան ավելի հակված եմ հավատալու, քանի որ այդ պարագայում ավելի հեշտ է երաշխավորել հանցագործներին չպատժելը»։
Ինչ վերաբերում է դատական համակարգն ապաքաղաքականացնելու վարչապետի նշած մեխանիզմներին, ապա, իրավապաշտպանի խոսքերով, դրա համար կա մեկ մեխանիզմ՝ վեթինգ և լյուստրացիա։ Այլ ճանապարհ չկա։ «Սա պարզագույն ճշմարտություն է։ Եվ քանի դեռ այս իշխանությունը սա չհասկացավ, մենք աշխատող, ապաքաղաքական դատարան երբեք չենք ունենա»,- եզրափակեց Կարապետյանցը։









































