Այսօրվա կառավարության նիստում հավանության է արժանացել «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը։
Դեռևս 2000 թվականից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր են տրամադրվում բռնադատվածներին և նրանց ժառանգներին՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով։
Օրենքի նախագծի ընդունման դեպքում վարկերը համապատասխան գրավի դիմաց կտրամադրեն առևտրային բանկերը, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկը, իսկ տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին։
«Պետության խնդիրն է օժանդակել բռնադատվածներին, և այդ օժանդակությունն այն է, որ վարկերը լինեն անտոկոս,- ասել է ՀՀ վարչապետը։- Պետությունը շուկայական տոկոսն ամբողջությամբ պատրաստ է հատուցել, որն էապես հասանելի է դարձնում վարկերը, որովհետև առևտրային բանկերի համար ավելի հեշտ է կառավարել վարկային ռիսկերը, քան ֆինանսների նախարարության կամ այլ նախարարությունների համար։ Մենք վարկային ռիսկեր չենք կարող կառավարել, իսկ օրենքն ասում է, որ վարկը մենք ենք տրամադրելու։ Որպեսզի այդպիսի ռիսկերը կտրուկ նվազեցնենք, մենք ասում ենք, որ այսուհետև վարկային տոկոսադրույքները կլինեն զրոյական։ Պետությունն ամբողջությամբ կտա այդ տոկոսները, ինչքան էլ որ դրանք համապատասխանեն շուկայական տոկոսադրույքներին»։
Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։








































