Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում մենք փորձում ենք անընդհատ հասկանալ, թե ինչն է խնդիրը, որ մեզ մոտ պետականության կայացման գործընթացը շարժվում է ոչ թե էվոլյուցիոն, այլ դեգրադացիայի ճանապարհով և մենք ոչ թե ավելի շատ մոտենում, այլ ավելի ու ավելի հեռանում ենք մեր երազած Հայաստանից:
Ինչ խոսք, ներկայիս հասարակական զարթոնքը, քաղաքացիական ակտիվությունը, իրավական գիտակցությամբ հանրային շերտերի առաջացումը և նույնիսկ ձևավորումն ու կայացումը լավ նախադրյալներ են ապագայում գոնե մեր երազած Հայաստանն ունենալու համար, սակայն ցավալիորեն մենք պետք է արձանագրենք, որ առայժմ մենք դեռևս հեռանում ենք:
Իսկ ինչ էլ տեղի է ունենում, որը կարող է հուսադրող լինել որպես երևույթ, առայժմ դեռ շատ տեսական վիճակում է և, քանի դեռ չենք ճաշակում պրակտիկ արդյունքները, հնարավոր չէ դրա մասին խոսել առարկայորեն: Սակայն, որքան էլ երկար դիտարկում ենք մեր խնդիրների և դեգրադացիայի պատճառները, այդուհանդերձ չենք կարողանում հանգել գլխավոր պատճառի մասին ընդհանուր եզրահանգման: Եվ դրա պատճառն էլ թերևս այն է, որ Հայաստանի ներկայիս վիճակի համար գլխավոր պատճառ չկա և մենք ընդամենը շղթայված ենք պատճառների մի երկարաձիգ շղթայով, որի օղակները մտած են միմյանց մեջ և դժվար է ասել, թե ինչն ինչից հետո է շարվել:
Հետևաբար, Հայաստանում ստեղծված իրավիճակից ելք գտնելու համար մենք պետք է ոչ թե գլխավոր պատճառը գտնենք, այլ հանգենք գլխավոր նպատակին՝ ինչ ենք ուզում բոլորս, ինչպիսի երկիր, ինչպիսի պետություն, ինչպիսի հասարակարգ: Հետո, հանգելով գլխավոր նպատակին, պետք է որոշենք, թե այդ նպատակին հասնելու առաջին քայլը որը պետք է լինի: Այսինքն, մենք պետք է գնանք ոչ թե իրավիճակը ետ շրջելու, այլ նոր իրավիճակ ստեղծելու ճանապարհով, որովհետև ետ շրջելու պարագայում մենք ամենևին չենք միասնականանալու, մեր կարծիքները ամենևին չեն մեկտեղվելու: Մենք պետք է նոր իրավիճակ ստեղծենք, նոր առաջնահերթություններով, նոր նպատակներով և թիրախներով: Մեզանից յուրաքանչյուրը կարող է տալ ներկայիս իրավիճակի իր բնորոշումը և մենք կարող ենք ունենալ 1000 կամ միլիոն տարբեր բնորոշումներ, թե ով է մեղավոր այս վիճակի համար: Բայց երբ մեզանից յուրաքանչյուրը փորձի տալ այն պատկերը, որ ուզում է ունենալ ապագայում՝ որպես երկիր, որպես երկրի քաղաքացի, ապա մենք կտեսնենք, որ տարակարծությունների, տարբերությունների և գունավորումների շրջանակը նեղանում է և մենք կարողանում ենք գտնել այդ կոնսոլիդացիոն նպատակը, մենք տեսնում ենք, թե որքան ընդհանուր շահեր ունենք միմյանց հետ:
Իսկ երբ բանաձևենք մեր ընդհանուր շահերը, երբ հստակ սահմանենք դրանք որպես ամբողջական տեսլական համակարգ, ամրագրենք այն որևէ փաստաթղթով, մենք թերևս կարող ենք շատ ավելի հեշտությամբ ընդհանուր հայտարարի գալ այդ շահերի սպասարկմանն ուղղված քայլերի հարցում: Եվ այդ հեռանկարը փաստացի արդյունավետ կարող է լինել թեկուզ այն պաատճառով, որ կարծես թե ամբողջական շահերի համակարգ կա՝ ի դեմս Հայաստանի Սահմանադրության:
Թերևս, դրանում ամրագրված կետերը և դրույթները հիմնական առումով համապատասխանում են ապագայի մեր գրեթե բոլորիս տեսլականին, մնում է միայն, որ մենք ձևակերպենք Սահմանադրության շուրջ մեր համընդհանուր համաձայնությունը, ճանաչենք Սահմանադրությունը որպես մեզ բոլորիս միավորող գործիք, ամրագրենք այդ ճանաչումը հանրայնորեն և ձեռնմուխ լինենք «պահանջատիրությանը»՝ սահմանադրական «պահանջատիրությանը»:








































