Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ նրա ծննդյան կապակցությամբ.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 50-ամյա տարեդարձի կապակցությամբ։ Հաճույքով ցանկանում եմ ընդգծել, որ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունն այսօր գտնվում են բազմակողմ ու դինամիկ զարգացման ճանապարհին։
Ակտիվ փոխադարձ աշխատանք է տարվում էներգետիկ անվտանգության ապահովման, գլոբալ մարտահրավերների ու միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, ինչի արդյունքում մեր հարաբերությունները հասցվել են ռազմավարական գործընկերության մակարդակի։
Մենք նաև բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի ուշադրությունը մեր տարածաշրջանի նկատմամբ։ Այդ իմաստով շատ նշանակալից են Ձեր երկրի և անձամբ Ձեր հետևողական ջանքերը ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման ուղղությամբ։ Հուսով եմ, որ այդ ջանքերը մոտ ապագայում արդյունք կտան և կհանգեցնեն խաղաղ ճանապարհով հակամարտության արդար կարգավորմանը՝ միջազգային նորմերին համապատասխան»։