Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ 2021թ․-ին թուրքական բանկերի ակտիվների որակը կորոնավիրուսի բռնկումից հետո առաջացած ծանր պայմանների պատճառով կարող է թուլանալ։
Ըստ Reuters գործակալության, Fitch-ի զեկույցի համաձայն համաճարակի ընթացքում առկա անորոշությունները և թուրքական լիրայի արժեզրկման պոտենցիալի նկատմամբ զգայունությունը լրացուցիչ ռիսկ են ստեղծում թուրքական բանկերի ակտիվների որակի համար:
Զեկույցում նշվել է, որ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումների ավարտի, հետաձգված պարտքերի վճարման ժամկետների գալու, և բարձր տոկոսադրույքների պատճառով բանկերը իրենց պարտքերը վճարելու համար մեծ ճնշման տակ են լինելու, որն էլ կարող է բերել բանկերի թուլացման և ակտիվների անկման։
Moody’s վարկանիշային գործակալությունը անցնող շաբաթներին արված իր զեկույցում նշել էր, որ 2021 թ. գործառնական պայմանները կշարունակեն ծանր լինել զարգացող շուկայի բանկերի համար: Ըստ գործակալության՝ նույն ժամանակահատվածի համար թուրքական բանկերի վարկունակությունը շարունակելու է մնալ թույլ և ճնշման տակ: