Տեխասի բնակիչները, որոնք ապրում են Նաքոգդոչե լճի հարևանությամբ, լճի ջրերում հայտնաբերել են 2003 թ. կործանված «Կոլումբիա» մաքոքի վառելիքի բաքը: Լիճը գտնվում է Հյուսթոնի տիեզերակայանից 240 կմ հեռավորության վրա: Այս մասին հաղորդում է The Houston Chronicle-ը: Այն ունի մոտավորապես մեկ մետր բարձրություն: Մասնագետների կարծիքով՝ դա կործանված մաքոքի 18 բաքերից մեկն է, որոնց մեջ պահվում էր թթվածին և ջրածին:
Տեղի բնակիչներն այն հայտնաբերել են անցած շաբաթ: NASA-ն արդեն հասատատել է՝ դա իրոք «Կոլումբիայի» բաքն է: Այն հնարավոր է եղել հայտնաբերել՝ «շնորհիվ» Տեխաս նահանգում հաստատված բացառիկ չորային եղանակային պայմանների, երբ մեծ ջրային ավազանները պարզապես ցամաքել են:
Հիշեցնենք, որ «Կոլումբիա» մաքոքը, որի բեկորները սփռվել էին ոչ միայն Տեխաս, այլ նաև Լուիզիանա նահանգում, կործանվել էր 2003 թ.: Մաքոքում գտնվող բոլոր 7 տիեզերագնացները զոհվել էին: Այս պահին հայտնաբերվել է բեկորների միայն 38-40%-ը: