Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: ԱԺ Ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովը այդ պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:
Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց, որ Բանկերի միության նախագահը նախօրեին բավականին մտահոգիչ ներկայացրեց տնտեսության պատկերը, հատկապես ֆինանսական շուկայում. «Ակնհայտ է, որ առանց ԿԲ-ի ակտիվ ներգրավման չենք կարողանալու հաղթահարել այս շոկը: Ի՞նչ է արվում այս պահին դրական սպասումներ առաջացնելու և այս շոկը հաղթահարելու համար»:
Ի պատասխան` թեկնածուն կարևորեց հանրության շրջանում վստահության և կայունության մթնոլորտը. «Վարկերի հետ կապված, այո, խնդիր ունենք: Բայց դա միայն ԿԲ-ի վրա դնելը ճիշտ չէ, և մենք սկսել ենք երկխոսություն կառավարության հետ»:
Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի մի շարք բնակավայրերում բազմաթիվ բիզնես նախագծերի ֆինանսավորում է կատարվել. «ԿԲ-ն արդյոք գույքագրում, քարտեզագրո՞ւմ է իրավիճակը, որպեսզի հասկանանք, թե ինչ ծավալների է հասնում կորուստը, ինչպե՞ս ենք ֆինանսական կազմակերպություններից նվազեցնելու այդ բեռը»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































