Գյումրի-Երևան միկրոավտոբուսների երթևեկությունն այս պահին դադարեցված է: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին Գյումրիից, այժմ ավտոկայանում քաղաքացիների կուտակումներ են առաջացել, որոնք չեն կարողանում հասնել Երևան:
Ավտոկայանում գործում են միայն տաքսիները, որոնք էլ բավական մեծ գումար են պահանջում մարդկանց Երևան հասցնելու համար: Գյումրի-Երևան տաքսիի ուղևորավարձն արժե 2500 դրամ, սակայն այսօր այն սկսվում է 3000 դրամից, և մտավախություն կա, որ օրվա երկրորդ կեսին էլ ավելի է թանկանալու: Գյումրիի ավտոկայանում պատասխանատուները հրաժարվում են մեկնաբանել իրողությունը և միայն նշում են, թե միկրոավտոբուսները պետք է գան Երևանից: Նշենք, որ միկրոավտոբուսներ կան թե՛ Երևանի, թե՛ Գյումրիի ավտոկայաններում, նրանք երթևեկություն են իրականացնում միաժամանակ, և երբեք նման դեպք չի եղել, որ Գյումրիի ավտոկայանում սպասեն Երևանից եկող երթուղայիններին:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքն է, և, ամենայն հավանականությամբ, իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց ձեռագրին, ցանկանում են այնպես անել, որ մարզերից քիչ մարդ կարողանա մասնակցել հանրահավաքին:









































