Հայաստանը շարունակում է փոթորկվել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից կամ պարզապես Արցախին պարտադրված ահաբեկչական պատերազմի վերաբերյալ հայկական կողմի փաստացի ռազմա-քաղաքական կապիտուլյացիայի ակտի մասին որոշումից: Անկասկած է, որ այստեղ միահյուսված են ամենատարբեր թե զգացմունքներ, զգացումներ, և նաև միահյուսվում են ամենատարբեր քաղաքական խնդիրներ, շահեր, նպատակներ, անգամ շահարկումներ: Իրավիճակը ինչպես չափազանց բարդ էր պատերազմի ընթացքում, այդպես էլ առավել քան բարդ է այն դադարելու պարագայում, հատկապես, որ դեռևս երաշխավորված իմաստով պարզ չէ, թե ինչպես է ընթանալու եռակողմ համաձայնագրի իրացումը և, ըստ այդմ, որքանով է հնարավոր խոսել պատերազմի դադարեցման մասին: Ակնառու է, որ Արցախում արդեն իսկ ընթանում է ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացը, որոնք փաստորեն իրականացնելու են նաև հրադադարի դիտարկում:
Միաժամանակ, ադրբեջանական կողմում ձևավորվելու է նաև թուրքական մոնիթորինգի կենտրոն: Ի վերջո պետք է արձանագրել, որ Արցախում գործ ունենք այսպես ասած՝ սիրիական մոդելով ռուս-թուրքական աշխատանքի հետ: Դրա առաջարկի վերաբերյալ Անկարան հայտնեց դեռևս պատերազմի առաջին օրերին՝ նշելով, սակայն, որ Մոսկվան մերժել է: Հարց է առաջանում, թե ինչ է փոխվել, որ Մոսկվան փաստացի համաձայնել է գործել սիրիական մոդելով, այսինքն՝ գնալ ռուս-թուրքական մեխանիզմի, թեև ֆորմալ իմաստով մեխանիզմը եռակողմ է, և չկա Թուրքիա: Դե ֆակտո, սակայն, հասկանում ենք բոլորս, որ կա երկրորդ կողմ և դա Թուրքիան է, որովհետև Բաքվի վրա ազդեցություն ունի Անկարան: Սակայն այդ ամենով հանդերձ, ինքնին հանգամանքը, որ ֆորմալ իմաստով պարտավորությունների շրջանակը ներառում է երեք կողմի և Թուրքիան մնում է դուրս, թերևս, ամենևին երկրորդական չէ: Թուրքիան կարողացել է Ադրբեջանի հետ արձանագրել ռազմական հաջողություն և առաջխաղացում, արձանագրել աշխարհագրական և որոշակի քաղաքական ձեռքբերում, սակայն չի կարողացել այդ ամենում ստանալ իրավական ամրագրում կամ իրավա-քաղաքական կարգավիճակային արձանագրում:
Ավելին, այդ իմաստով խաղաղապահ մոնիթորինգի կենտրոնի ձևավորման հարցում Ռուսաստանի նախագահի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ չի եղել և չկա թուրք խաղաղապահների հարց եռակողմ համաձայնագրում, և դա առանձին համաձայնության առարկա է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը Թուրքիային իրավա-քաղաքական կարգավիճակային առումով դնում է եռակողմ հայ-ռուս-ադրբեջանական համաձայնագրից դուրս: Թուրքիան մտել է Կովկաս, Թուրքիան կլանել է Ադրբեջանը, այդ ամենը պարզ է, բայց Թուրքիան փաստորեն չի կարողացել մտնել արցախյան ձևաչափ, ինչն արդեն բավականին հատկանշական իրողություններ է առաջացնում հետագա հնարավոր զարգացումների առումով:
Այսինքն՝ Թուրքիան չի կարողացել լուծել արցախյան ձևաչափում լեգիտիմ ներգրավվածության խնդիր: Նա լեգիտիմ է Ադրբեջանում, բայց լեգիտիմ չէ արցախյան հարցում:
Ընդ որում՝ ինչն ուշագրավ է, Ալիևը փաստորեն գնում է դրան ընդառաջ, այսինքն` համաձայնում է թեկուզ դե յուրե մի ձևաչափի, որտեղ չկա Թուրքիան:
Այդպիսով, մի կողմից թվում է, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խառնածնի միջոցով Անկարան որոշակի քաղաքական զարգացում է թելադրում Ռուսաստանին, բայց հետագա զարգացումների իրավական որոշակի մեխանիզմներ ենթադրող սխեմայում չի ստանում լծակ, և թեկուզ խաղաղապահների միջոցով ուժային լեգիտիմ ներգրավման լծակ է ստանում միայն Մոսկվան, ընդ որում՝ Ադրբեջանի ստորագրությամբ: Այդ պարագայում, ի վերջո, հարց է առաջանում՝ ինչ է լինում, երբ չի աշխատում որևէ համաձայնություն, որևէ ժամանակացույց, բայց Արցախում կանգնած են ռուս խաղաղապահներ: Նրանք դու՞րս են գալիս, Ադրբեջանը նրանց վրա՞ է կրակում: Եվ արդյո՞ք նրանք այդ դեպքում անցնում են անհրաժեշտ «պաշտպանության»:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի









































