Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին կմեկնի Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է մամուլում տարածվող այն լուրերը, թե վաղը Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Այս մասին Նաղդալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Մամուլում տարածվող լուրերը, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Ժնևում կայանալու է հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, չեն համապատասխանում իրականությանը. նման հանդիպում նախատեսված չէ: Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեր, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը»,- գրել է Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը հավելել է, որ ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է:








































