Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի պնդմամբ, ոստիկանությունում իրեն առնչվող քրեական գործ է հարուցվել: Ավագանու վերջին նիստերից մեկին Խաժակյանը հայտարարեց, որ իրեն և իրեն որպես խմբակցության ղեկավար կցված վարորդին հրավիրել են ոստիկանություն և ցուցմունքներ վերցրել մի քրեական գործի շրջանակում: Խաժակյանն այս ամենը փորձում էր ներկայացնել որպես «ընդդիմախոսին լռեցնելու փորձ»:
Իրավապահ մարմինները դեռևս չեն շտապում պաշտոնական տեղեկատվություն տալ քրեական գործի հանգամանքների մասին: Այնուհանդերձ, մենք հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ խոսքը համայնքային միջոցները յուրացնելու փաստի մասին է:
Ըստ մեր աղբյուրի՝ Երևանի քաղաքապետարանում որպես «Լույս» խմբակցության վարորդ գրանցված Արմեն Մխիթարյանը վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում փաստացի աշխատանքի չի գնացել, չի կատարել վարորդի պարտականությունները, խմբակցության մեքենան վարել է միայն Խաժակյանը:
Սակայն ամենաուշագրավ փաստը, որը և գրավել է իրավապահների ուշադրությունը՝ այն է, որ ավագանու «Լույս» խմբակցության վրա գրանցված վարորդի փոխարեն համայնքային բյուջեից փաստացի աշխատավարձ է ստացել այլ անձ: Ըստ շրջանառվող հիմնական վարկածի՝ փողը պարբերաբար ստացել է Խաժակյանի քաղաքական ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը: Այսինքն՝ «Լույս» խմբակցության վարորդի հաստիքում հրամանագրված անձը, ստանալով իր աշխատավարձային քարտը, այն փոխանցել է ԱԺ-ում հրամանագրված վարորդին, և վերջինս էլ ամեն ամիս քաղաքապետարանից ստացել է սահմանված աշխատավարձ։
Քրեական գործի շրջանակներում ներկայումս քննարկվում է այս «մախինացիայի» արդյունքում համայնքին հասցված վնասի չափը: Մեզ հասած տեղեկություններով՝ խոսք է գնում մոտ 2.5 միլիոն դրամի մասին։
Եթե գործի քննության արդյունքում շարադրված փաստերը հաստատվեն (ինչը շատ հավանական է), «ազնիվ ընդդիմադիրի» կերպարով հանդես եկող ԼՀԿ վերնախավը հերթական անգամ անհարմար վիճակում կհայտնվի:
Մարուքյանն ու Խաժակյանը գուցե քրեական հետապնդման չենթարկվեն էլ, բայց փաստորեն կստացվի, որ մարդիկ՝ առանց աչք թարթելու, համայնքային բյուջեից հին ու բարի մեխանիզմով «փող են կլպել» իրենց կամ իրենց մտերիմների համար: Հետաքրքիր է՝ ի՞նչ կլիներ, եթե ամբողջ բյուջեն տնօրինելու հնարավորություն տրվեր նման մարդկանց:








































