ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում երկրներից շատերը ձեռնպահ են մնացել Իրանի դեմ զենքի էմբարգոյի երկարաձգման վերաբերյալ քեարկելուց: Այսպիսով, համապատասխան բանաձևը չի ընդունվել: Այս մասին հայտարարվել է ուրբաթ օրը՝ օգոստոսի 14-ին, ՄԱԿ-ում Ինդոնեզիայի մշտական ներկայացուցիչ Դիան Տրիանշահ Ջանիի կողմից, որը օգոստոսին նախագահում է Անվտանգության խորհուրդը:
«Բանաձևին կողմ են քվեարկել երկու երկիր, երկու երկիր դեմ են քվեարկել, ևս 11 երկիր ձեռնպահ է մնացել: Այսպիսով, փաստաթուղթը չի ընդունվել», – ասել է Ջանին:
Ըստ ԶԼՄ-ների՝ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել բանաձևին, կողմ են քվեարկել ԱՄՆ-ն և Դոմինիկյան հանրապետությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Գերմանիան, Վիետնամը, Հարավային Աֆրիկան, Ինդոնեզիան, Նիգերը, Սենթ Վինսենթը և Գրենադինները, Թունիսը և Էստոնիան ձեռնպահ են եղել: