Այս նախագիծը ծնվել է պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններին, որը պատգամավորներին հնարավորություն է տալիս հիվանդության դեպքում քվեարկություններին մասնակցել հեռավար, այսինքն ծրար ուղարկելով:
«Երբ մենք աշխատանքային կարգով նախագիծը քննարկել ենք, արդեն կար ավելի նախընտրելի տարբերակ, որ գրավոր քվեարկության հնարավորությունը վերաբերվելու է բացառապես կորոնավիրուսով վարակակիրներին: Այսինքն մենք արդեն նախագիծը ներկայացրել ենք մտքներիս դա ունենալով: Շատերն ասում են՝ ինչու միանգամից լրամշակված տարբերակը չեք բերել: Իրականում ԱԺ կանոնակարգն այդ հնարավորությունը չի տալիս: Քանի դեռ հանձնաժողովում նախագիծը չի քննարկվել, լրամշակված նախագիծ ներկայացնելու հնարավորություն չկա»,-ընդգծեց նա: