Լիբիայի տարածքում, որը գտնվում է Մուամար Քադաֆիի վերահսկողության տակ, սպառվել են վառելիքի, պարենի և դրամական ռեսուրսների պաշարները՝ չնայած տեսանելի կարգ ու կանոնին: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի զեկույցին, որը հրապարակվել է այսօր:
ՄԱԿ-ի փորձագետները, որոնք այցելել են Լիբիա անցած շաբաթվա վերջին, իրենց զեկույցում նշել են, որ այդ երկրում նկատվում են ֆինանասական ճգնաժամի բոլոր նախադրյալները: Պետության այն մասում, որը գտնվում է Քադաֆիի վերահսկողության տակ, սկսվել է վառելիքի ճգնաժամ, աճում են պարենի գները, ինչպես նաև լարված է իրավիճակը բժշկական ապահովության ոլորտում:
Այս ամենը բացատրվում է Քադաֆիի դեմ կիրառվող պատժամիջոցներով, որոնցով արգելվում են Քադաֆիի բանակին բոլոր տեսակ մատակարարումները: Բացի այդ, հունիսի սկզբին այդ երկրի գյուղատնտեսության նախարար Աբդ Ալ-Մաջիդը հայտարարել է, որ Լիբիայի տարածքում հնարավոր է սով, եթե ՄԱԿ-ը շտապ միջոցառումներ չձեռնարկի:









































