Մեծ Բրիտանիայի թագուհու նախկին անձնական խոհարարը պատմել է նրա համային նախասիրությունների մասին, գրում է Daily Mail-ը:
Դարեն Մաքգրեդի խոսքով, Եղիսաբեթ II-ը սիրում է ծովախեցգետիններ, որոնք որսում են Լանկաշիր կոմսությունում. այս ծովամթերքի հետ հաճախ բուտերբրոդներ են մատուցվում: «Դրանք փոքր շագանակագույն ծովախեցգետիններ են, որոնք մարինացնում են գաղտնի կծու յուղի մեջ»,- պատմել է խոհարարը:
Բացի այդ, հայտնի է դարձել, որ թագուհուն դուր չի գալիս սխտորի համը, ուստի նրա համար պատրաստվող ուտեստներում սխտոր չեն օգտագործում:
Նշվում է, որ Եղիսաբեթ II-ի ճաշացանկում օգտագործվող բանջարեղենն ու մրգերը աճեցվում են թագավորական ընտանիքի կալվածքներում, մասնավորապես, շոտլանդական Բալմորալ նստավայրում:
Մաքգրեդին նաև ասել է, որ Բուքինգհեմյան պալատում նրա աշխատանքը զգալիորեն տարբերվում էր ցանկացած հեղինակավոր ռեստորանում կամ հյուրանոցում աշխատանքից, քանի որ ճաշացանկի յուրաքանչյուր ուտեստ պետք է համապատասխաներ թագուհու նախասիրություններին:
2019 թ.-ին լրագրողները պարզել են, որ Եղիսաբեթ II-ը հաճախ է ուտում բրիտանական ավանդական Fish and chips ուտեստը, որը բաղկացած է տապակած կարտոֆիլից և ձկից: Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, թագուհու սիրած ուտեստը շոկոլադե տորթն է: