Սիրիայում առնվազն 7 մարդ է սպանվել ուրբաթ օրը հակակառավարական ցույցերը ցրելու ժամանակ երկրի մի քանի քաղաքներում: Իրավապաշտպանների տվյալներով, առնվազն 2 մարդ է զոհվել Հոմսում և Հալեպում, որտեղ ընդդիմության կողմնակիցները դուրս են եկել փողոց` գործող նախագահ Բաշար Ալ-Ասադի հրաժարականի պահանջով: Մոտ մեկ միլիոն մարդ փողոցում է եղել Դեր Զորի և Համայի հանրահավաքների ժամանակ: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ այս գիշեր երկու հզոր պայթյուն է որոտացել Հոմս քաղաքի զինվորական բազայում, որը համարվում է հակակառավարական ելույթների ճնշման կենտրոն: Տեղի բնակչությունը պնդում է, որ դրանից հետո սկսվել է ուժեղ հրաձգություն: Այնուհետև այդ ուղղությամբ շարժվել են շտապօգնության մեքենաներ: Սիրիայի պաշտոնական աղբյուրներն այս տեղեկությունները դեռ չեն մենաբանել:








































