Հոկտեմբերի 27-ի զոհերից Յուրի Բախշյանի այրին և իրավահաջորդ Անահիտ Բախշյանը, որի բողոքի հիման վրա անցած տարեվերջին վերաբացվել է Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով գործի քննությունը, մեկ ամսից ավելի է՝ որևէ նորություն չունի գործի քննության ընթացքից։ Ո՛չ ԱԱԾ-ից, ո՛չ գլխավոր դատախազությունից տիկին Բախշյանի զանգերին չեն պատասխանում և տեղյակ չեն պահում, թե ինչ փուլում է գործի քննությունը։ Տիկին Բախշյանը առ այսօր չի ստացել նաև Հոկտեմբերի 27-ի դատավարության սղագրությունները և արձանագրությունները, որի տրամադրման խոստում եղել էր իրավապահ մարմնի կողմից։ «Այդպես էլ ոչ մի լուր չունեմ։ Չստացա նաև 27-ի դատավարության սղագրությունները և արձանագրությունները, որոնք խոստացել էին։ Այդպես էլ ոչ ձայն են հանում, ոչ էլ․․․ Մի քանի օր է զանգում եմ, ոչ ոք չի պատասխանում։
Երեկ նաև գլխավոր դատախազություն եմ զանգել, դատախազ Փանոսյանին, որի վրա դրված է այս գործի պատասխանատվությունը, բայց իմ զանգերին նա էլ չի պատասխանում։ Այս ամենից զատ, ինձ շատ բարկացնում է այն, որ դատավարության սղագրությունները ինձ չեն տվել, բայց խոստացել էին մոտ մեկ ամիս առաջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Բախշյանը։
Անահիտ Բախշյանը չգիտի՝ այս ձգձգումը միայն կորոնավիրուսո՞վ է պայմանավորված, թե՞ այլ պատճառներ կան։ «Այս պահին մտածում եմ, որ կորոնավիրուսն է պատճառը։ Չեմ համարձակվում, վախենում եմ ուրիշ բան մտածել։ Բայց մի քիչ էլ կսպասեմ, թող այս վիճակն անցնի, ու նորից ես կհետաքրքրվեմ գործի ընթացքից։ Չեմ ուզում ավելորդ կպչունություն ցուցաբերել»,- եզրափակեց Բախշյանը։
Հոկտեմբերի 27-ի գործից անջատված գործով երկու անգամ հարցաքննված ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ԱԱԾ-ում որևէ լուրջ, օբյեկտիվ քննություն չի գնում 27-ի գործով, և իր սկզբնական մտահոգությունները գնալով ամրապնդվում են։
Հիշեցնենք, որ այս գործի շրջանակներում հարցաքննվելու ժամանակ Տարոն Սահակյանը դիմել էր, որպեսզի իրեն տուժող ճանաչեն, սակայն ԱԱԾ-ից դրանից հետո մի գրություն էր ստացել, ըստ որի՝ տուժողի կարգավիճակի հարցի քննությունը հետաձգվել է։ Ավելին, ըստ Սահակյանի, հարցաքննությունից հետո իր նկատմամբ պրովոկացիաներ են սկսվել։ Մասնավորապես, շրջանառության մեջ է դրվել, որ ինքը ռուսական հատուկ ծառայությունների գործակալ է։ «Երևում է, որ այն բոլոր հարցերը, փաստերը որ ես դնում էի, ներկայացնում էի, շատ մարդկանց խանգարում էին, դրա համար էլ սկսվել են պրովոկացիաներ իմ նկատմամբ։ Իմ հարցաքննության ժամանակ ես խոսել եմ միայն փաստերի մասին, որոնց մասնակցել եմ, ներկա եմ եղել։ Ես ուրիշ բան չեմ ասել, բայց իմ նկատմամբ որոշակի գործողություններ են սկսվել»,- ասաց Սահակյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ պրովոկացիաների մասին է խոսքը, ինչ է արվել իր նկատմամբ, բայց դրանք եղել են կոնկրետ սպառնալիքներ, կոնկրետ գործողություններ՝ կապված իր ընտանիքի հետ։ «Ես խոսել եմ Կարեն Կարապետյանի, «Գազպրոմ»-ի հետ կապված պատմությունների մասին։ Եթե օբյեկտիվ քննություն է կատարվում, ինչից են վախենում, որ քննության փոխարեն իմ դեմ պրովոկացիաներ են կազմակերպում»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այն ամենից հետո, ինչ իր հետ կատարվում է 27-ի գործի շրջանակներում հարցաքննվելուց հետո, ինքը կարող է արդեն վստահ պնդել, որ որևէ լուրջ բացահայտում հնարավոր չէ ակնկալել այս գործի քննության վերջնարդյունքում։ «Այն մարդիկ, ովքեր լուրջ պատասխանատվություն են կրում, օրինակ՝ Արզուման Հարությունյան, Արթուր Վանեցյան, Կրակեմ Հրաչ և այլոք, նրանք ազատված են աշխատանքից, բայց դրսում են, ինչ ուզում՝ անում են։ Բայց նման կերպով երկրի անվտանգություն չեն պահում»,- ասաց Սահակյանը։
Տարոն Սահակյանը նշեց, որ այս ամենի վերաբերյալ նամակ է գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նշել՝ որպեսզի կարողանանք իրական գնահատական տալ կատարվածին, պետք է հասկանալ մի բան, որ իրավապահ համակարգում իրական քննություն չի կատարվում, իրավապահ համակարգում հանցագործություն կատարած անձինք համակարգից դուրս են եկել և ինչ ուզում՝ անում են՝ առանց պատասխանատվության ենթարկվելու։ «Իրական քննությունը, հաշվեհարդարը դրսում է կատարվում՝ ԱԱԾ, քննչական և այլ շենքերից դուրս։ Ես համոզված եմ, որ ռուսական ընկերությունների հետ կապված էլ, եթե իրական քննություն ընթանար, ապա ոչ ոք չէր համարձակվի կասկածի տակ առնել այդ ամենը և դրանք շահարկել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով»,- եզրափակեց Տարոն Սահակյանը։
Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով քննությունը կարճվել էր 2004-ին, որից հետո կարճման որոշումները այդպես էլ իրավահաջորդներին չէին տրամադրվել: Այս տարի Հոկտեմբերի 27-ից հետո՝ նոյեմբեր ամսին, Անահիտ Բախշյանը դիմել էր գլխավոր դատախազություն և ստացել կարճման որոշումը, որը և բողոքարկել էր:









































