«Լավրովն այդպես հաճախ բաց ելույթներ չի ունենում և հենց այնպես խոսքերը քամուն չի նետում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ արձագանքելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ալեքսանդր Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, թե ղարաբաղյան կարգավորման բանակցությունների սեղանին դրված է փուլային տարբերակը, և անցած տարվանից սկսած՝ Երևանն ու Բաքուն հենց դա են քննարկում։
Տարասովն ընդգծեց՝ Լավրովը հստակեցրել է Մոսկվայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ և զրկել է Բաքվին ու Երևանին դիվանագիտական հարթակում բլեֆով զբաղվելու հնարավորությունից․«Կան փաստաթղթեր, կա այն ամենը, ինչ դուք քննարկում ենք՝ ուստի իրերն իրենց անուններով կոչեք։ Երկրորդ՝ նա հիշատակեց Կազանյան փաստաթուղթը, որը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա, նախատեսում է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ ու որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Լավրովի խոսքերից հետո Ադրբեջանը լռեց, խոսեց Մնացականյանը՝ շեշտելով, որ այդ փաստաթղթերը Հայաստանի համար այժմ ընդունելի չեն։ Եթե նայենք ընդհանուր կոնտեքստում՝ Լավրովը խոսեց Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հեռանկարների մասին, թեպետ դրա համար նախադրյալներ չկան։ Վրաստանը պահանջում է՝ նախ և առաջ մեզ վերադարձրեք Աբխազիան ու Հարավային Օսիան, հետո կվերականգնենք։ Այդուհանդերձ, Լավրովը խոսեց նման հեռանկարի մասին, և երկրորդ՝ նա խոսեց ղարաբաղյան կարգավորման մասին, որը, որքան էլ տարօրինակ լինի, այս պահի դրությամբ ձեռնտու է Ադրբեջանին»։
Պատահական է, թե ոչ, այդուհանդերձ, Ստանիսլավ Տարասովն արձանագրում է՝ Լավրովի նման հայտարարությունը համընկավ Ղարաբաղում ընտրությունների անցկացման ավարտի հետ. «Տեղի ունեցավ օնլայն կոնֆերանս Մամեդյարովի ու Մնացականյանի մասնակցությամբ, եթե նայենք Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարությունների հայտարարությունները, ապա կա մի հետաքրքիր հանգամանք։ Կողմերը հակված են կորոնավիրուսային պանդեմիայի շրջանում շփման գծում կայունություն ապահովելուն։ Դա, բնականաբար, շատ ճիշտ կլինի։ Եվ հիմա ինչ է ստացվում՝ Լավրովը շեշտադրում է անում վրաց-ադրբեջանական ալյանսի վրա և միևնույն ժամանակ ցույց տալիս, որ Երևանի դիրքորոշումը՝ այն քաղաքականությունը, որ դիվանագիտական հարթակում ցույց է տալիս Փաշինյանը, Մոսկվայի համար ընդունելի չէ։ Դա Երևանին ուղղված ազդանշան է, որը պետք է դեռ քննարկել։ Բայց մենք դա համարում ենք Ադրբեջանին ուղղված «գրեֆ»։
Քաղաքագետը նաև չի բացառում, որ ընթանում են փակ բանակցություններ, որոնց մասին ոչ ոք իրազեկված չէ. «Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը քննարկում է ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը, ցանկանում է նաև ԵԱՏՄ անդամ դառնալ։ Ադրբեջանն ունի շատ լավ երկկողմ հարաբերություններ այդ կառույցների բոլոր անդամների հետ՝ բացառությամբ Հայաստանի։ Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է օգտվել իր վետոյի իրավունքից ու խոչընդոտել դրան։ Եթե Վրաստանի հետ ամեն ինչ ստացվի, ապա չեմ բացառում, որ մենք կթողնենք Հայաստանին՝ իր ազգային շահերի հետ։ Փաշինյանը կարծում է, որ Երևանի շուրջ բոլորը պարելու են, համոզելու են իրեն ինչ-որ հարցերում, բայց դա այդպես չէ։ Վերջերս նա «Ֆեյսբուքում» ելույթ ունեցավ՝ ասելով, որ մենք արևմտամետ չենք, ոչ էլ նաև երբեք Ռուսաստանի մարիոնետկան չենք լինելու, կաթողիկոսի հետ կռվեց… ու հիմա Մոսկվան ասում է՝ ուզում ես դուրս գալ ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, դուրս արի, մենք էլ ուրիշ կողմ կթեքվենք։ Սա, անկասկած, Հայաստանին ուղղված ազդակ էր»։








































