Թուրքիայում «Հայկական հիմնադրամների միության» Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն միացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած դրամահավաքին։ Վերջինս «Ի՛մ Թուրքիա. մենք մեզ բավարար ենք» կարգախոսով արշավ է սկսել։
Պետրոս Շիրինօղլուն գրավոր հաղորդագրության մեջ նշել է, որ «Հայկական հիմնադրամների միությունը» 500․000 թուրքական լիրա է նվիրաբերել Էրդողանի նախաձեռնած «Ազգային համերաշխության արշավին»։
Շիրինօղլուն ցավակցել է Թուրքիայում կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել հիվանդներին։
Նշենք, որ այդ արշավին միացել էին նաև Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արք․ Մաշալյանը և մի շարք հայ հոգևորականներ։ Նրանք 100․000 թուրքական լիրա էին փոխանցել դրամահավաքի հաշվեհամարին։