Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության կողմից նախապատրաստված և զինված ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում սպանվել է Նազիֆե Բիլենը, որը «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության բարձրաստիճան կին ղեկավարներից է: Այս մասին հաղորդում է թուրքական Sözcü աղբյուրը։
Նշվում է, որ Իրաքի Քանդիլ շրջանի մոտակայքում սպանված Բիլենը ՔԲԿ-ի գործողությունները համակարգող «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀԿ) նախագահության 6 ակտիվ անդամներից մեկն է: Հաղորդվում է նաև, որ Բիլենը ՔԲԿ-ի կանանց շարժման հիմնադիրներից մեկն է եղել։
Ինչպես հաղորդում է Թուրքական աղբյուրը՝ երկրի հետախուզական կազմակերպությունն Իրաքում ամիսներ շարունակ տեղեկություններ է հավաքել Բիլենի մասին, ինչից հետո միայն ԶՈւ ստորաբաժանումները կարողացել են համատեղ կազմակերպած օպերացիայի միջոցով սպանել նրան:
Նախորդ տարի էլ Թուրքիայի հետախուզությանը հաջողվել էր նմանատիպ օպերացիայի կազմակերպմամբ սպանել ՔՀԿ-ի ղեկավարներից Դիյար Գարի Մուհամմեդին: